Մատչելիության հղումներ

Հերհերի ձորում հարգել են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը


.
.

Ըստ պատմաբանի, այս ձորում թուրքերը կոտորել են մի քանի հազար հայերի հիմնականում կանանց ու երեխաների։

Շիրակի ու Լոռու մարզերից ապրիլի 24-ին Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հարգելու համար հավաքվում են Ջարդի կամ Հերհերի ձորում, որտեղ տեղադրված խաչքարին ծաղիկներ են խոնարհում:

Ըստ պատմաբան Սարգիս Պետրոսյանի, այս ձորում թուրքերը կոտորել են մի քանի հազար հայերի հիմնականում կանանց ու երեխաների:

«Այս ձորում 1920 թվականին, երբ արդեն Քեմալական Թուրքիան գրավել էր այս շրջանները, այս ձորում է իրականացրել հիմնականում կանանց և երեխաների սպանությունը, ընդ որում, բա վերաբերում է ոչ միայն Շիրակին, այլև Փամբակին, որը հիմա Լոռու մարզի մեջ է։ Ուղղակի բերել են այս ձորը, բոլորի աչքից հեռու և գնդակահարել են տեղն ու տեղը», - ասաց Պետրոսյանը։

Սպիտակցի բանաստեղծ Ֆրունզե Համբարյանը ձորում տեղի ունեցած ջարդերից մի դրվագ պատմեց: «Երբ ջարդարարները ժողովրդին հանել էին սարի գլուխ և կոտորում էին թրերով ու սրերով, մի տատիկ թոռան հետ է լինում, ասում է՝ «բալես, եթե կրակեն, ես կընկնեմ քո վրա, կգնաս, կմտնես մեր տան թորոնը, այնտեղ հաց եմ դրել և որոշ ուտելիք, այնտեղ կպախկվես, իսկ գիշերը դուրս կգաս, եթե գյուղացիներից մարդ երևա, կգնաս և կփրկվես։ Այս պատմությունը խոսում է մեծի զոհաբերությունը, փոքրերի նկատմամբ, և այս պահին, երբ ազերիները փորձեցին ևս մեկ անգամ խանգարել մեր ժողովրդի հանգիստը, մեր զավակները գործեցին տատերի ու պապերի փոխարեն», - ասաց Համբարյանը։

Ջարդի ձորում ավելի շատ շիրակցիներն են գալիս: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը այս տարի ի տարբերություն նախորդների, երբ հոգեհանգստի կարգ էր մատուցում՝ ի հիշատակ 1.5 միլիոն անմեղ զոհերի, այս տարի մատուցեց սրբերի բարեխոսության կարգ, քանի որ անցած տարվանից անմեղ զոհերը սրբադասվեցին:

Սրբազանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ղարաբաղյան շփման գծում քառօրյա ռազմական բախումներին՝ ասելով, որ Հայաստանը հող չունի հանձնելու: «Մենք հանձնելու հող չունենք, անշուշտ ոչ մի թիզ, մենք վերցնելիք ունենք, տալիք չունենք։ Դրա համար ի՞նչ է պետք՝ լինել հզոր, ուժեղ, միասնական, ամուր, մաքուր, ազնիվ, պարկեշտ։ Իսկ ժողովուրդը ցույց տվեց, իր միասնականությունը, ցույց տվեց, որ հայրենիքն ամեն ինչից վեր է, մնում է, որ պատասխանատու պաշտոններ զբաղեցնողները սովորեն, օրինակ վերցնեն, և իրենք էլ թոթափեն իրենց վրայից մանր մունր հաշիվները և զբաղվեն երկիրը հզորացնելով», - ասաց սրբազանը։

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմանյանն էլ հավելեց՝ վերջին դեպքերն ապացուցեցին, որ Հայաստանը պետք է հույսը իր վրա դնի: «Եվս մեկ անգամ 101 տարի հետո այդ նույն ազգը ապացուցեց, որ եթե մենք ուժեղ չեղանք, մեզ բնաջնջելու են։ Մենք մեր հույսը մեզ վրա պետք է դնենք, առաջին հերթին», - ասաց մարզպետը։

Որպեսզի ցեղասպանությունները չկրկնվեն, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի կարծիքով, քաղաքակիրթ աշխարհը պետք է ճանաչի ու դատապարտի Հայոց ցեղասպանությունը: «Պետք է կարողանանք մենք ամեն ինչ անել, որպեսզի նաև ճանչեն ցեղասպանությունը, չի կարող այդպիսի բարբարոսություն լինել 21-րդ դարում, պետք է քաղաքակիրթ աշխարհը հավաքվի և դատապարտի», - ասաց Բալասանյանը։

Այսօր ուշ երեկոյան Գյումրիի սուրբ Հակոբ Մծբնեցու եկեղեցուց երիտասարդները ջահերով լռության քալյլերթով կշարժվեն դեպի Վարդանանց հրապարակ, իսկ ավելի ուշ այդ նույն հրապարակում կկայանա մոմավառություն՝ ապրիլի 2-ից 5-ը թեժ մարտերում զոհվածների հիշատակին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG