Մատչելիության հղումներ

103-ամյա Հերսիկ Մաթևոսյանը բազմաթիվ կռիվներ տեսած Սուրմալու գավառից է Հայաստան փախել, այժմ ապրում է Երևանից ոչ հեռու գտնվող Պտղնի գյուղում:

Ասում է՝ կոտորածների վտանգից իրենց հեռու էին համարում Ռուսաստանի, իսկ հետո արդեն Երևանի նահանգի կազմում գտնվող Սուրմալուում։ Բայց 1918 թվականին ստիպված են եղել թողնել հայրենի գավառը, տուն-տեղն ու Արևմտյան Հայաստանի իրենց հայրենակիցների նման բռնել գաղթի ճամփան։ Թուրքիան զավթել է նաև Սուրմալուն։

«Մեր սեփական տանն էինք ապրում, Սուրմալուում։ Կամաց-կամաց ցրիվ եկանք», - հիշում է նա:

Որդին՝ Արմենը, հուշում է ջահել ժամանակ մոր պատմածները, թե սայլի վրա տեղ չկար. 5-ամյա Հերսիկին խուրջինի մեջ են տեղավորել, որպեսզի հասցնեն անվտանգ վայրեր։ Բայց կյանքի մեկ դարն արդեն բոլորած կինը դժվարությամբ է վերհիշում։

«Աաաա, տո ես շա՞տ եմ հիշում», - արձագանքում է Հերսիկը:

Բայց շատ բան մտապահել է ու հիշողությունից չի էլ ջնջվի։ Վատ է լսում, սակայն դժվարությամբ ականջին հասնող հարցերին հստակ պատասխաններ է տալիս։

«Սեփական սելով՝ հորեղբայրս լծել ա, մենք էլ մանդր-մունդր բաներ էինք, դրելա մեջը, հացը տվելա ձեռներս, ուտելով կամաց-կամաց եկել-հասել ենք Էջմիածնի եկեղեցու բակը։ Ես էի, հորեղբորս աղջիկն էր, հորեղբորս տղան էր, անգամ հարևանի երեխեքից էլ կային։ Դժվարա ասել՝ մենք ոնց ենք եկել։ Մի խոսքով՝ հասել ենք ստեղ», - պատմում է նա:

Դժվարին կյանք ապրած ծեր կնոջ համար ամեն ինչ տանելի է, բացի պատերազմից։ Տխրում է. անգամ կյանքի վերջին տարիներին պատերազմների մասին լուրեր է ստանում։ Համեմատում է նախկինն ու ներկան և ասում՝ պատերազմի վնասներն անդառնալի են բոլոր դարերում։ Իր միակ ցանկությունն է, որ դադարեն պատերազմները։

«Պատերազմում զենք են օգտագործում։ Էն էլ էնպիսի զենք, որ առաջին անգամ են տեսնում էդ զենքը։ Պատերազմ բառը գոյություն չունենա, պատերազմ բառը վերանա, որովհետև պատերազմ բառը զզվելի է բոլոր երեխաների համար։ Ոչ մի երեխա թող չիմանա՝ պատերազմը ինչ բանա», - ասում է նա:

Ղարաբաղա-ադրբեջանական վերջին քառօրյա պատերազմի մասին նրան էլ են լուրեր հասել, ասում է որդին․ - «Նա սկզբից սկսեց վախենալ։ Վախենում էր, ասում էր՝ կհասնեն Պտղնի։ Դրանից հետո ես խուսափեցի պատմել ամեն օր, ինֆորմացիա տալ։ Ասեցի՝ արդեն վերջացելա, հաշտության պայմանագիր են կնքել, էլ չի լինելու պատերազմ։ Ինքը արդեն ուրախացավ»:

Իր կողքին ապրող որդին՝ Արմենն է այսօր նրա մշտական զրուցակիցն ու խնամողը։ Չնայած 70-ամյա Արմենն էլ արդեն առողջությունից դժգոհում է, բայց տարեց մորն աչքի լույսի պես է պահում։

(Զրուցում են)

–Դու որտեղ էիր աշխատում։

-Ես աշխատում էի գործկոմի ապարատում, որպես գլխավոր ինժեներ, հիմա հասկացա՞ր գործի էությունը։

-Դու պատասխանատու էիր ԺԷԿ-երի աշխատանքի համար։

-Դեմ չեմ։

-Կուզեի՞ր գնայիր Սևան՝ լողանայիր։

-Պահ, չէ՞ մի։

-Չէիր ուզենա՞։

-Չէի ուզի։

-Խորոված ուտեիր։

-Պաաահ, խորովածի համար ուշքս էթումա։

Մեր հիացմունքին, թե մեկ դարը բոլորած կինը լիարժեք գիտակցության մեջ է, անգամ հետաքրքիր զրուցակից, սրտնեղեց․ - «Կարծում էիր, թե որ 100 տարեկան եմ, արդեն գժված եմ, հա՞»:

Ասում ու սկսում է մեզ հարցուփորձ անել։ Ամբողջ օրը տնից դուրս չի գալիս։ Եկողներից էլ շատ բան իմանալ է ուզում․ - «Դուք պատմեք։ Նորություններ եք լսում։ Ոնց որ ասած՝ զարգացած տեխնիկա, զինամթերք։ Ես ինչ գիտեմ՝ զենքի նոր տեսակներ։ Դուք եք նորություններ անում։ Էն ժամանակ սենց նորություններ գոյություն չունեին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG