Մատչելիության հղումներ

Թուրքական քաղաքականությունը տևապես հիմնված է եղել ժխտողականության վրա, և Հայաստանի բոլոր ջանքերը՝ առանց նախապայմանների հաստատել դիվանագիտական հարաբերություններ, մերժվել են Թուրքիայի կողից։ Այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով՝ ժամանակն է, որ Հայաստանն ինքը դնի իր նախապայմանները։

«Ես առաջին անգամ չէ, որ ասում եմ՝ կամ պետք է առանց նախապայմանների հաստատվեն այդ հարաբերությունները, կամ արդեն ժամանակն է, որ Հայաստանն ինքը նաև դնի իր նախապայմանները՝ վերադարձնելով այդ հարաբերություններին իր սիմետրիան, հավասարությունը։ Իսկ դա անելու համար մենք ներքուստ պետք է ամուր լինենք, արդար լինենք։ Բոլորս զգում ենք, որ գտնվում ենք այսօր եղերածին ներքին և արտաքին հնարավոր նոր աղետների առաջ, և անհրաժեշտ են արտահերթ լուծումներ, գլխավոր գերագույն պատասխանատվությունը բնակվում է Երևանում, և քայլեր պետք է կատարվեն վաղվանից սկսված՝ կանխելու համար հերթական կորուստները՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին։ Կարծում եմ, թե շատ անհանգիստ և վտանգավոր շրջան ենք մտնում, և մեր երկիրը պետք է փրկենք», - ասաց Հովհաննիսյանը։

Դիտարկմանը, թե պաշտոնական Ռուսաստանը, նաև Հայաստանի իշխանությունները ակնարկում են, որ Կազանյան փաստաթուղթը կարող է վերադառնալ բանակցությունների սեղան, և հարցին, թե սա իր համար ընդունելի՞ տարբերակ է, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Ո'չ, ինձ համար, որպես առաջին արտգործնախարար, որպես «Ժառանգության» հիմնադիր և որպես Հայաստանի քաղաքացի, ես և մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը, մերժում ենք՝ թե՛ Մադրիդը, թե՛ Կազանը, թե՛ ցանկացած այլ սկզբունք, փաստաթուղթ, որոնք ընդունվել են թեկուզ որպես հիմք Հայաստանի ներկա և նախորդ իշխանությունների կողմից, որոնք զիջում են հայրենի եզերքը»։

Հովհաննիսյանի խոսքով, այն իշխանությունը, որը «դիտարկում է ստորագրել, ընդունել կամ սրանից հետո չի մերժում [այդ փաստաթղթերը], ինքն ուղղակի մեղսակից է և դավադիր Հայաստանի զիջմանը, հայրենիքի կապիտուլացիային և ինքը պետք է ինքնահրաժարականի գնա»։

«Ես կարծում եմ, որ այդ քայլի նախաշեմին ենք. ազգային վստահության նոր կառավարության ճանապարհ բացենք արտահերթ լուծումների, որոնք կբերեն Հայաստանի դիվանագիտական և քաղաքական դիրքերի ուժեղացման։ Մենք արդեն 25 տարի պաշտոնապես կողմնակից ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության ճանաչմանը Հայաստանի և միջազգային հանրության կողմից։ Ուշացած է, բայց այժմեական է այսօր», - ասաց Հովհաննիսյանը։

«Ժառանգության» առաջնորդի խոսքով, Ադրբեջանն իր գործողություններով, ռազմական հանցագործությունների կիրառմամբ, դիվանագիտական գործընթացները կանխակալ ընդունելով, բացառելով Արցախի ինքնիշխանությունն արդեն տապալել է բանակցային գործըթացը։ «Եվ ուրեմն Արցախն ինքը պետք է որոշի, թե որոնք են բանակցային իր հարցերը, հողի խնդիրները՝ Շահումյանի հարցը, Գետաշեն և այլն, դրանք Արցախը պետք է լուծի, իսկ Հայաստանը պետք է ճանաչի Արցախը, պետք է մտնի ռազմաքաղաքական դաշինքի մեջ իր իսկ կողմից ճանաչված սուվերեն ինքնիշխան Արցախի հետ, և եթե մենք ունենանք լեգիտիմ իշխանություն, ունենանք ժողովուրդ, որի առջև հաշվետու է այդ իշխանությունը, կկարողանանք նույն դաշնակից Ռուսաստանին, եթե իսկապես դաշնակից է, ասել՝ ոչ, շնորհակալություն, և նույն դաշնակից Ամերիկային, Իրանին, Եվրոպային ասել, որ սա է մեր ազգային շահը», - ասաց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին, «Ժառանգության» առաջնորդն ասաց. - «Դատապարտելի եմ համարում, որ մեր ռազմավարական դաշնակիցը որևէ ձևով օգնում է թշնամուն զենքով, զինամթերքով, որի միջոցով մեր քաղաքացիները, մեր զինվորները ռմբակոծվում են, սպանվում են, գլխատվում են, և կարծում եմ, որ փաստացի իշխանությունները և իրենց գործողությունները իրավաչափ չեն, ադեկվատ չեն»։

XS
SM
MD
LG