Մատչելիության հղումներ

Էրդողան․ «Շարունակելու ենք հիշել ու հիշեցնել թուրքերի ու հայերի համատեղ ապրելու մշակույթը»


Թուրքայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ «հարգելով օսմանյան հայերի հիշատակը», ովքեր կորցրել են իրենց կյանքը Առաջին աշխարհամարտի ժամանակ Արևելյան Անատոլիայում, հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը:

Թուրքական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարությունը ընթերցել է Թուրքիայի հայկական եկեղեցու առաջնորդը 1915 թվականին սպանված հայերի ոգեկոչման արարողության ժամանակ, Ստամբուլում:

Հայտարարությունում, որը հրապարակված է նաև արևմտահայերենով, Էրդողանը դիմում է Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին՝ գրելով․ - «Ողջունում և հարգանքներս եմ հղում մեր հայրենակիցներին, որոնք այսօր Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի տանիքի ներքո հավաքվել են Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական պայմաններում կյանքից հեռացած օսմանյան հայերին հիշատակելու նպատակով»:

«Գոհունակությունս եմ հայտնում, քանի որ այսօրվա արարողությունը մեկ անգամ ևս կատարվում է Թուրքիայում, որը ամենաիմաստալից տեղն է՝ ոչ միայն կիսելու օսմանյան հայերի կրած վիշտը, այլև ոգեկոչելու նրանց հիշատակը », - ասված է ուղերձում:

«Անատոլիայի հողերում, որտեղ մարդասիրական պարտականությունները երբեք չեն անտեսվում, ուրախությունն ու ցավն էլ կարող են անկեղծորեն կիսվել», - գրում է Թուրքիայի նախագահը՝ շարունակելով․ - «Ահա այդ գաղափարի, մեր պատմական գիտակցության ու մեր մարդկության մտահորիզոնի համաձայն մենք պետք է շարունակենք տեր կանգնել օսմանյան հայերի հիշողություններին»:

«Շարունակելու ենք հիշել ու հիշեցնել թուրքերի ու հայերի համատեղ ապրելու այն մշակույթը, որը առկա է գրեթե հազար տարի», - ասված է Էրդողանի հայտարարությունում:

«Մենք չենք հրաժարվելու բարեկամությունն ու խաղաղությունը նպատակ ունենալով՝ աշխատել նրանց դեմ, ովքեր կցանկանան ատելության ու թշնամության հռետորություններով միմյանցից հեռացնել այն երկու հարևան ժողովուրդներին, որոնք ունեն ընդհանուր պատմություն ու նման ավանդույթներ, և ովքեր քաղաքականացնում են պատմությունը», - հայտարարում է Թուրքիայի նախագահը:

«Մեկ անգամ ևս հարգանքով հիշատակում եմ այն օսմանյան հայերին, ովքեր կյանքից հեռացել են, ու ցավակցություն եմ հղում նրանց զավակներին ու թոռներին», - նշում է Էրդողանը՝ հավելելով, թե հարգանքի տուրք է մատուցում օսմանյան բոլոր քաղաքացիներին, ովքեր կորցրել են իրենց կյանքը, և վերստին ընդգծելով, թե «ցավն ընդհանուր է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG