Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը այսօր որևէ փոխզիջում չի տեսնում


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

«Այս իրավիճակում ոչ մի թիզ հող զիջելու մասին խոսք անգամ չի կարող գնալ», - շեշտում է Հայաստանի պաշտպանության նախարարը:

«Այսօր ես որևէ փոխզիջման մասին չեմ կարող խոսել և չեմ տեսնում», - հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե Լեռնային Ղարաբաղի հարցում ո՞րն է փոխզիջումների սահմանը, որոնց պատրաստ է գնալ հայկական կողմը:

«Քաղաքական գործընթացներին համապատասխան գնահատական տալիս են քաղաքական ղեկավարները, որոնք որ զբաղվում են դիվանագիտությամբ, բանակցային գործընթացով, այսօր ես կարող եմ ասել, որ այս իրավիճակում ոչ մի թիզ հող զիջելու մասին խոսք անգամ չի կարող գնալ, և այս իրավիճակում միայն մենք պետք է ամեն ինչ անենք, որ վստահության եզրեր գտնենք, մթնոլորտ ստեղծենք, և փոխհամաձայնություններ լինեն: Իսկ էդ փոխհամաձայնությունների շրջանակներում կարող է համապատասխան ելք ստանալ արցախյան հարցի լուծումը, միայն ու միայն խաղաղ ճանապարհով», - ասաց Օհանյանը՝ շեշտելով․ - «Երկխոսություն է պետք, եթե այդ երկխոսությունը չկա, ինչի՞ մասին խոսք կարող է լինել ապագայի վերաբերյալ»:

Շփման գծում ներկայիս իրավիճակի վերաբերյալ նախարարը նշեց, որ հիմնականում այս օրերին, հիշարժան օրերին «հակառակորդը փորձում է, էսպես, ճշտել զգոնությունը»: Նրա փոխանցմամբ՝ նախօրեին լարված է եղել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հյուսիսային հատվածում՝ Մարտակերտի շրջանում, «կրակոցների թիվը ավելացել է, ականանետներից է կրակոցների թիվը ավելացել», բայց «այսօր առաջին գծում գտնվող ստորաբաժանումները իրենց պաշտպանական դիրքերում են, հստակ վերահսկում են իրականությունը, իրադրությունը և պատրաստ են ցանկացած գործողությունների»:

«Ազատության» հարցին՝ «պաշտոնապես կարծես թե հակառակորդը հայտարարել է, որ տա՞նկ է խոցվել», Սեյրան Օհանյանը արձագանքեց․ - «Դա Ադրբեջանի պաշտոնական հերթական բացահայտ սուտն է»:

Լայնամասշտաբ մարտական գործողությունների վտանգի առնչությամբ Հայաստանի պաշտպանության նախարարը ասաց․ - «Հիմա մենք վերահսկում ենք իրադրությունը, ձեռք է բերված ժամանակավոր հրադադար, որը որ պետք է մեզ հետ տանի 1994 թվականի մայիսի 12-ին ստորագրված հրադադարին՝ ստորագրված եռակողմ, ընդ որում նաև՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության կողմից: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ հրադադարը պաշտպանվի, որովհետև հրադադարի պաշտպանումը, վստահության մթնոլորտի ստեղծումը, միջազգային հետաքննության մեխանիզմների ձևավորումն է, որ նաև հիմք կհանդիսանա հետագայում բանակցային գործընթացում առաջընթաց ունենալ: Թե ինչ նպատակներ ունեն այսօր՝ մենք, իհարկե, այդ ուղղությամբ աշխատում ենք, և հայկական բանակը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակը պատրաստ են ամեն ինչ անել, ետ մղել ցանկացած ոտնձգություն և ապահովել Արցախի անվտանգությունը»:

«Նաև դժգոհություններ հնչեցին, որ բանակը ըստ անհրաժեշտության պատրաստ չէր, նաև պետք են բարեփոխումներ, ի՞նչ կարող եք ասել սրա հետ կապված», - «Ազատության» այս հարցին էլ Օհանյանը պատասխանեց․ - «Ես գտնում եմ, որ այսօր հայկական բանակը պատրաստ է իր առջև դրված խնդիրները իրականացնելու համար, և այն բարեփոխումները, որ իրականացվել են վերջին տարիների ընթացքում, և Զինված ուժերի զարգացման պլանը, որը որ ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից երկու տարի աշխատանքի արդյունքում, համապատասխանում է պատերազմի այսօրվա բնույթին: Պարզապես փոքր-ինչ առաջնահերթություններ կարող են լինել, այդ առաջնահերթությունների վրա մենք այսօր շեշտը դնում ենք: Այսօր ոչ միայն ես, այլ նաև բոլորն են ասում, որ երբևիցե թույլ չեն տա, որ Արցախում լինի ճնշում Արցախի ժողովրդի վրա և ևս մեկ անգամ կրկնվի այն, ինչ որ եղել է 101 տարի առաջ»:

Թե ի՞նչ նորություններ կան Ռուսաստանից սպառազինության ձեռքբերման հետ կապված՝ այս առնչությամբ նախարարը փոխանցեց․ - «Աշխատանքները ընթացքի մեջ են, արագացված տեմպերով են գնում»:

Ի պատասխան լրագրողների հարցերի՝ ի՞նչն էր պատճառը, որ հայկական կողմը ապրիլի սկզբին տեղի ունեցած մարտերի ժամանակ չորս օրում 92 զոհ տվեց, և վերլուծություն կատարե՞լ են՝ հնարավո՞ր էր այնպես արձագանքել, որ զոհերի թիվն ավելի քիչ լիներ, Սեյրան Օհանյանը ասաց․ - «Կխնդրեի, որպեսզի մենք համեմատություններ անեինք մարտական գործողությունների և մարտական հերթապահության միջև: Այսօր մեր հանրության մեջ համապատասխան վերլուծություններ անում ենք մենք՝ համեմատելով մարտական հերթապահության իրականացման պայմաններին, բայց լայնամասշտաբ, ամբողջ ներուժի և նաև խոշոր տրամաչափի զենքի կիրառմամբ մարտական գործողությունների ժամանակ, իհարկե, անխուսափելի են զոհերը, և նաև այդ ամենը անխուսափելի է, երբ որ մեր շատ-շատ սպաներ և շատ-շատ զինվորներ այդ մարտական գործողությունների ժամանակ կռվել են մինչև իրենց, կարելի է ասել, վերջին փամփուշը, իսկ վերջին փամփուշտ ասելով՝ չի նշանակում, որ փամփուշտն ավարտվել է, այլ մինչև վերջին այն բնագիծը, որ մտել են մերձամարտի մեջ և ապահովել այդ դիրքերի համապատասխան անվտանգությունը»: «Մեր համար նույնիսկ մեկ զոհն էլ ցավ է, բայց այս ցավը, մենք պետք է հասկանանք նաև, շաղախվում է մեր ընկերների սխրանքի, հերոսությունների հետ, դառնում հպարտություն», - հավելեց նա:

Նախարարը նաև ընդգծեց, որ բանակի ղեկավարությունն անմիջապես է անցել վերլուծության, ընդ որում՝ այդ վերլուծությունները մենք կատարվել են «հենց անմիջապես մարտական գործողությունների ընթացքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հետ միասին»: «Վերլուծության արդյունքում կարող եմ ասել, որ դրական կողմերը, այն ամենը, ինչ որ բերել է այս մարտական գործողությունների ընթացքում չթույլատրել հակառակորդին լայնածավալ գործողությունների անցնելը և այն նպատակները ունենալը, ինչ իրենք ունեցել են, ավելի շատ են, քան բացասական կողմերը: Բացասական կողմերի վերացման ուղղությամբ մենք անմիջապես ենք սկսել աշխատել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG