Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ Արված առաջարկները եթե ձեռնտու լինեին Բաքվին, նա ինքն իրեն չէր մտցնի փակուղի


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Ադրբեջանը ձախողվեց բանակցություններում, այդ պատճառով փորձեց ռազմական ճանապարհով ինչ-որ լուծումներ գտնել, ռազմական ճանապարհով էլ ձախողվեց: Այդ մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ այսօր Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պատասխանելով լրագրողների հարցերին:

Նրա համոզմամբ՝ Բաքուն ստիպված է լինելու վերադառնալ բանակցությունների սեղան, «որովհետև այլընտրանք չկա, այլ ճանապարհ չկա, բանակցությունները պետք է շարունակվեն»։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ օրերս Հայաստան կատարած այցի ժամանակ բերած առաջարկների կամ փաթեթի, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հարցերին Նալբանդյանը արձագանքեց․ - «Բանակցությունների մասին մենք տեղեկացրեցինք Լավրովի հետ մամլո ասուլիսի ժամանակ, որևէ գաղտնի բան չկա: Ադրբեջանի լայնածավալ ագրեսիվ ռազմական գործողությունների հետևանքով բանակցություններին լուրջ վնաս է հասցվել, և եռանախագահների, միջազգային հանրության հետ համատեղ պետք է ջանքեր գործադրենք, որ բանակցություններին, խաղաղ կարգավորմանը հասցված այդ հարվածը հնարավոր լինի հաղթահարել: Չնայած շատ դժվար է հաղթահարել, որովհետև կան զոհեր, իսկ դա անվերականգնելի է։ Եվ միջազգային հանրությունը այսօր դրանով է զբաղված, որպեսզի հնարավոր լինի Ադրբեջանին կարգի հրավիրել և բերել կառուցողական դաշտ, որպեսզի հնարավոր լինի բանակցությունները շարունակել, քանի որ բանակցություններին այլընտրանք չկա»:

«Փաթեթ», Հայաստանի արտգործնախարարի հավաստմամբ, «գոյություն չունի, և Լավրովը դրա մասին հայտարարեց, և շինծու ինչ-որ հարցեր պետք չէ տալ»: «Այդպիսի փաթեթ Լավրովը չի բերել», - ասաց նա: - «Աեկոսեների, բամբասանքների հիման վրա վերլուծություններ և եզրակացություններ պետք չէ անել։ Լավրովն ինքը հայտարարեց, որ այսօր ջանքերը պետք է ուղղված լինեն հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, վստահության միջոցների ձեռնարկմանը, որպեսզի հնարավոր լինի ապահովել կայունությունը և անվտանգությունը տարածաշրջանում, ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցությունները շարունակելու նպատակով»:

Նալբանդյանը նաև վստահեցրեց, որ տարածքների հետ կապված փոխզիջումների հարց «չի քննարկվել Լավրովի այցի ժամանակ»:

«Իսկ ընդհանրապե՞ս», - այս հարցին էլ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը արձագանքեց․- «Իսկ ընդհանրապես կան առաջարկներ եռանախագահների կողմից, որոնք արվել էին Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների մակարդակով հինգ հայտնի հայտարարությունների մեջ, որոնց հիման վրա Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ կարող է շարունակել բանակցությունները, կարող է գնալ կարգավորմանը, իսկ Ադրբեջանը անտեսում է դրանք: Սա է իրականությունը և սա է պատճառը, որ միջազգային հանրությունը պետք է փորձի հնարավորինս անել, որպեսզի Ադրբեջանին բերի կառուցողական դաշտ»։

Իսկ թե «կարգավորումը տարածքների հաշվի՞ն է լինելու» արդյոք՝ այս կապակցությամբ Նալբանդյանը հայտարարեց․ - «Կարգավորումը լինելու է այն հիմքի վրա, ինչի մասին բազմիցս հայտարարել էր հանրապետության նախագահը, նաև արտգործնախարարը։ Նոր բաներ պետք չէ հնարել։ Արված առաջարկները, եթե ձեռնտու լինեին Ադրբեջանին, ապա նա ինքն իրեն չէր մտցնի փակուղու մեջ և չէր գնա նոր ռազմական գործողությունների»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG