Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին:

Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է, որ նա մշտապես սպասված հյուր է Հայաստանում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանկ Էնգելի գործունեությունը՝ ուղղված Հայաստանին և հայ ժողովրդին հուզող հարցերին, ինչպես նաև նրա առանձնակի վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի նկատմամբ, որը, նախագահի խոսքով, լավագույնս դրսևորվեց Եվրոպական խորհրդարանում, ինչպես նաև այսօր Երևանում տեղի ունեցած գլոբալ համաժողովի ժամանակ հնչեցրած նրա ելույթներում:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այն ստույգ տեղեկությունների և ճիշտ մոտեցումների համար, որոնք տեղ են գտել պատգամավոր Ֆրանկ Էնգելի ելույթներում: «Շատ կարևոր է, որ Եվրոպական խորհրդարանում և ընդհանրապես, եվրոպական հասարակության մեջ տեղյակ լինեն իրական դեպքերին, դրանց պատճառներին ու դրդապատճառներին», - ասել է նախագահը և գնահատելի համարել Եվրախորհրդարանի պատգամավորի նախաձեռնությունը՝ այս օրերին այցելել Լեռնային Ղարաբաղ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման հնարավորության և դրա համար այսօր անհրաժեշտ պայմանների ապահովման վերաբերյալ: Էնգելը կարևորել է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը և պատրաստակամություն հայտնել, որպես Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, նպաստել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը Ֆրանկ Էնգելին է հանձնելՀայաստանի պետական բարձր պարգևը՝ Մխիթար Գոշի մեդալը, որով նա տարեսկզբին պարգևատրվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG