Մատչելիության հղումներ

Զոհված զինվորի ընտանիքի անդամներն իրենց սոցիալական ծանր վիճակի մասին չեն խոսում, հիշում են միայն Գևորգի ցանկությունները:

Ապրիլի 19-ին դիպուկահարի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Գևորգ Գևորգյանի մարմինը երկու օր առաջ են հողին հանձնել: Մայրը՝ Իրինա Գևորգյանը չի հաշտվում որդու կորստի հետ, բայց հպարտ է՝ հայրենիքին հերոս զինվոր է տվել:

«Աշխատելը սիրում էր: Մեզ նվիրված էր մեր էրեխեն: Մենք հպարտանում ենք, որ մեր էրեխեն հայրենիքը պաշտպանել ա, հպարտանում ենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իրինա Գևորգյանը:

Զոհված զինծառայողի՝ Լոռու մարզի Աքորի գյուղում ապրող բազմանդամ ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է: Գևորգի ծնողները, երեք անչափահաս քույրերը և եղբայրը ապրում են 36 հազար դրամ նպաստով: Գևորգի կրտսեր եղբայրը՝ 15-ամյա Ժորան, հորեղբոր տանն է գիշերում՝ իրենց տանը տեղ չունեն: Ոչ միայն մահճակալն է պակասում, այլև շատ այլ անհրաժեշտ իրեր: Հագուստների մի մասը հնամաշ, որպես պահարան ծառայող սառնարանում է դրված, մյուս մասը՝ հատակին: Տան խոնավ պատերն ու քանդվող հատակը վաղուց վերանորոգման կարիք ունեն:

Ընտանիքի անդամները, սակայն, սոցիալական ծանր վիճակի մասին չեն խոսում, հիշում են միայն Գևորգի ցանկությունները՝ զորացրվելուց հետո աշխատել, վերանորոգել տունն ու ամուսնանալ:

«Ասավ՝ գնամ ծառայեմ գամ, կշարունակենք, մեր տունը կվերանորոգենք, պակաս բաները վեր կունենք, լավ կլի, պապ ջան», - պատմեց մայրը:

«Էս վերջի տարին ա, մի կերպ դիմացի՛, տանը ասում ա ոչ մի բան մի ձեռնարկի, կգամ, իրար հետ կերթանք, որ ես էլ գամ, օգնեմ, որ մենակ չտուժվես», - որդու խոսքերը վերհիշեց հայրը՝ Գարեգին Գևորգյան:

Արցունքները հազիվ զսպող մայրը պատմում է՝ Գևորգը ընկերուհի ուներ, բայց ընտանիքի անդամների հետ դեռ չէր ծանոթացրել․ - «Գաղտնիք պահեր՝ չէր ասում մեզ, ասեր՝ վերջացնեմ կգամ, մամ ջան, կասեմ, կծանոթացնեմ»:

Ավագ եղբայրը՝ 23-ամյա Գրիգորը, Գևորգի մահվան լուրն ստանալուն պես անմիջապես վերադարձել է Ռուսաստանի Դաշնությունից: Վերջին անգամ մարտին էր խոսել եղբոր հետ, երբ արձակուրդում էր: Պատմում է Գևորգի հետ իր վերջին զրույցը․ - «Ես իրան ասում եմ՝ ես էլ եմ ծառայել, ես էլ գիտեմ ինչ ա, պոստ եմ պահել, գլուխդ չհանես, ուշադիր եղի, պոստում չքնես: Ինքը ինձ մի բան ասեց, ասեց՝ մեծ ախպեր ջան, դու էլ ես ծառայել, դու էլ լավ գիտես, մի խոսք ա, որ ասում են՝ «չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն», եթե ես էլ որ մեռնեմ, ես պիտի մահանամ՝ հայրենիքիս համար պիտի մահանամ, հայրենիքը պաշտպանելով, պիտի դու հպարտ ման գաս, եռագույնը ես պիտի պաշտպանեմ, որ հպարտ, հանգիստ դու էլ, մաման էլ, բոլոր ծնողներն էլ գլուխը բարձին դնեն ու հանգիստ քնեն»:

Գևորգի կորուստը չափազանց ծանր է կրտսեր եղբոր՝ Ժորայի համար: Անհամբեր սպասում էր, թե երբ է Գևորգը զորացրվելու. միասին գործ ունեին անելու:

«Ինքն ասում էր, որ պինդ մնա՝ ինն ամսից կգամ, գնալու ենք մեր սարերում մեր մանկությունը հիշենք, որ միասին անց ենք կացրել, գնալու ենք սարերում ման գանք», - պատմեց Ժորան:

Նա չի մոռանում եղբոր հորդորները՝ մինչ իր վերադառնալը հոգ տանել ընտանիքի մասին․ - «Եղբայրս ուզում էր գա ինձ տանի Ռուսաստան, ասում էր՝ մի՛ գնա, մամային մտիկ արա, ես կգամ, նոր դու կգնաս Ռուսաստան, ես մամայի կշտին կլեմ, ասում էր՝ մենակ մի՛ թողա գործերը իրա վրա»:

Ժորան խոսք է տվել՝ շարունակելու է եղբոր կիսատ թողած գործը:

Գևորգը Պաշտպանության բանակում ծառայության էր անցել որպես գնդացրորդ: Հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

XS
SM
MD
LG