Մատչելիության հղումներ

Բերման ենթարկված ակտիվիստ․ «Ոստիկանության քայլերը ուղղված էին նաև Հայոց բանակի դեմ»


Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին, Երևան, 22-ը ապրիլի, 2016թ․

Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին, Երևան, 22-ը ապրիլի, 2016թ․

Իրավապաշտպանը արտառոց է համարում իրավապահների գործողությունները տվյալ իրավիճակում:

Ուրբաթ երեկոյան Երևանի Բաղրամյան պողոտայի սկզբնամասից 42 ցուցարար բերման ենթարկվեց։ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության կազմակերպած երթի մասնակիցները Ազատության հրապարակից փորձել էին շարժվել դեպի Բաղրամյան 26՝ Հայաստանի նախագահի նստավայր, սակայն հանդիպել էին ոստիկանության դիմադրությանը:

Ցույցի մասնակից Գագիկ Եղիազարյանի խոսքով՝ իրենք խաղաղ ակցիա էին անցկացնում ի պաշտպանություն հայ զինվորի։ «Տվյալ դեպքում ոստիկանության քայլերը ուղղված էին նաև Հայոց բանակի դեմ, բռնություն կիրառվեց «Հա՛յ զինվոր, մենք քո կողքին ենք» կարգախոսով փողոց դուրս եկած մարդկանց նկատմամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Եղիազարյանը՝ մանրամասնելով․ - «Վալերի Օսիպյանը հայտարարում ա, որ տալիս ա հինգ րոպե ժամանակ, որ ազատեն երթևեկելի մասը, այնուհետև շատ պարզ երևում ա, որ նախ՝ էդ հինգ րոպեն չի լրանում, երբ սկսում են մարդկանց բերման ենթարկել, հետո՝ բերման են ենթարկում ոչ թե փողոցի երթևեկելի մասից, այլ՝ մայթերից: Ինձ անձամբ բերման են ենթարկել մայթից նրա համար, որ ես կոչ էի անում, որ «սիրելի՛ քաղաքացիներ, ովքեր որ փողոցի վրա էին, ուղղակի դուրս եկեք, որովհետև սրանք ոստիկաններ չեն, որովհետև ոստիկանը էն ժամանակ ա ոստիկան, երբ պահպանում ա օրենքը»:

Բերման ենթարկվածներից Արգիշտի Կիվիրյանն էլ պնդում է՝ երեկվա ցույցին որպես լրագրող էր մասնակցում, և իր մասնագիտական գործունեությունն է խոչընդոտվել։ Armenia Today կայքի խմբագիրն ասում է՝ ոստիկաններին հատուկ զգուշացրել է, որ լրագրող է: «Հենց ոստիկանները թռան իմ վրա, ես ասել եմ, որ ես լրագրող եմ, իրանք ինչ-որ ռեպլիկներ թողեցին և բռնի կերպով, մասնավորապես՝ ուժ կիրառելով, վնասել են վիզս, ինձ նստացրեցին ոստիկանության ավտոմեքենա։ Այդ նույն պարագայում ոստիկանության մեքենա նստացրեցին նաև քաշքշելով 1in.am լրատվականի լրագրողին, որը մեծ տեսախցիկով էր: Թե ինչ եղավ հետո այդ տղայի հետ՝ բաց թողեցին, թե բաց չթողեցին, չեմ կարող ասել, բայց այն, որ իրեն նստացել էին այդ ավտոմեքենան, ես իմ աչքով եմ տեսել», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Կիվիրյանը:

1in.am կայքի խմբագիր Արման Բաբաջանյանը երեկ ցույցի ընթացքում պնդեց՝ ոստիկանները կայքի օպերատորներին բերման են ենթարկել, նաև կոտրել են տեսանկարահանող տեխնիկան։

«Էս մարդկանց մեջ են բերման ենթարկողները», - ոստիկաններին ասաց Բաբաջանյանը: «Ե՞րբ ա դա տեղի ունեցել», - հարցրեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Ընդամենը 15 րոպե առաջ, մեր տեխնիկան ջարդել են, մարդկանց ծեծի են ենթարկել», - պատասխանեց 1in.am-ի խմբագիրը: «Կպարզվի, այդ ամենը կպարզվի, հարգելի՛ս», - արձագանքեց Օսիպյանը:

Միջադեպի կապակցությամբ Հայաստանի ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է ընթանում։ Ոստիկանությունն այսօր տարածած հաղորդագրությունում հերքում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին բերման ենթարկելու լուրը։ «Հայտնում ենք, որ երեկ որևէ ԶԼՄ ներկայացուցիչ վարչական ձերբակալման կամ բերման չի ենթարկվել, այլ տեղաշարժը հավաքի վայրում կարճատև սահմանափակվել է, և րոպեներ անց նրանք ոստիկանության վերակարգից դուրս են թողնվել», - ասված է հաղորդագրությունում։

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նաև հանձնարարել է առաջիկայում կազմակերպել հանդիպում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ՝ «նման իրավիճակները բացառելու մեխանիզմներ քննարկելու համար»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ իրավապահների գործողությունները արտառոց են սահմանային լարված այս իրավիճակում։

«Այս իրողությունների, այս մահվան դեպքերի, այս սահմանի լարվածության ֆոնին ես գնահատում եմ որպես ապազգային գործունեություն ոստիկանության գործունեությունը, երբ հաշվի չնստես ոչ մի բանի հետ, երբ զինվորների արյունը դեռ չի չորացել, բայց ի՞նչ էին արել ակցիայի մասնակիցները, ի՞նչ ակցիա էր դա՝ ընդամենը բարձրացնում էին հարցեր, որոնց հրատապությունը մեզ բոլորիս համար շատ կարևոր է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալեքսանյանը:

«Եվ ոստիկանությունը սպառել է իրեն՝ սա վաղուց է հայտնի, և Հայաստանի իշխանությունները, եթե այս իրավիճակում՝ պատերազմական, ինչ-որ արժեքներ պիտի փոխվի Հայաստանում, պետք է առաջինը կարգավորեն ոստիկանության հարցը», - ընդգծեց իրավապաշտպանը:

XS
SM
MD
LG