Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Խոցված ուղղաթիռի փաստաթղթերը վկայում են՝ ագրեսիան պլանավորված է եղել


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից խոցված ադրբեջանական ՌՕՈւ ուղղաթիռի բեկորները, 2-ը ապրիլի, 2016թ․

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից խոցված ադրբեջանական ՌՕՈւ ուղղաթիռի բեկորները, 2-ը ապրիլի, 2016թ․

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը այսօր հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով մանրամասներ ապրիլի 2-ին Պաշտպանության բանակի խոցած ադրբեջանական ռազմաօդային ուժերի ուղղաթիռից առգրավված փաստաթղթերի ու սարքերի վերաբերյալ:

Հաղորդագրությունում ասված է․ - «2016 թվականի ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը խոցել է ադրբեջանական ռազմաօդային ուժերին պատկանող Մի-24G հարվածային ուղղաթիռը, որը ռազմական թռիչք էր իրականացնում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ: Խոցված ուղղաթիռի ընկման վայրից առգրավվել են.

- թռիչքային քարտեզներ;

- օդաչուի պլանշետը;

- գիշերային տեսանելիության սարքավորման շահագործման կարգը;

- ուղղաթիռի օդաչուներից մեկի անձնական նոթատետրը;

- УКВ ACR500-A 30-420 մՀց տիպի ռադիոկայան

- АРК-У2 տիպի ռադիոկողմնացույց;

- САРПП-12 տիպի չվերթի տվյալները ձայնագրող սարք՝ ձայներիզներով;

- սաղավարտին ամրացված գիշերային տեսանելիության սարքի մաս;

- 8 արկ ունեցող 20 մմ թնդանոթի 10 միավոր;

- օպտիկա-էլեկտրոնային համակարգի մոդուլ՝ գիրոկայունացվող հարթակով»:

Առգրավված գույքի, թռիչքային փաստաթղթերի տվյալների վերլուծության համաձայն, ըստ Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության, պարզ է դարձել, որ․

«1․ 2016թ. մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում խոցված Մի-24G ուղղաթիռը էսկադրիլիայի կազմում «Կալա» օդանավակայանից իրականացրել է թռիչք դեպի «Ժդանովսկ» օդանավակայան՝ «Քյուրդամիր» օդանավակայանում տարանցիկ վայրէջք կատարելով;

Խոցված ուղղաթիռից առգրավված փաստաթղթերը

Խոցված ուղղաթիռից առգրավված փաստաթղթերը

2․ Թռիչքային քարտեզի վրա ուրվագծված երթուղին և դրված թիրախները վկայում են, որ անձնակազմին խնդիր էր դրված ԼՂՀ տարածքի խորքում՝ շփման գծից 3-10 կմ խորության վրա գտնվող թիրախներին հարվածներ հասցնելու համար;

3․ Թռիչքային քարտեզի համաձայն՝ մարտի մեջ օդուժ մտցնելու ժամկետները կրճատելու համար պատրաստված էր ցատկահրապարակ;

4․ Լյալյա-Իլյագի լեռան շրջանում ցանցի միջոցով ցուցադրված է ռազմական ավիացիայի մի խումբ ուղղաթիռների հետ օդային կարգավորիչի աշխատանքի հնարավոր ուղղությունը;

5․ Խոցված ուղղաթիռի թռիչքի ընդհանուր տևողությունը կազմում է շուրջ 30 ժամ;

6․ Օբյեկտիվ վերահսկողության տվյալ ձայներիզում մատնաշված է երեք առանձին թռիչքների կատարում, այդ թվում նաև՝ վերջին թռիչքի կատարումը»:

Տվյալ տեղեկատվությունը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տրամադրել է Հայաստանի պաշտպանության նախարարությանը, որպեսզի դրան ծանոթանան Երևանում հավատարմագրված օտարերկրյա երկրների ռազմական կցորդները:

Լեռնային Ղարաբաղի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերի ռադիոտեղորոշման հետախուզության տվյալների համաձայն՝ 4-օրյա ագրեսիայի ընթացքում արձանագրվել է Ադրբեջանի զինուժի մինչև 60 ուղղաթիռային թռիչք, որից 40-ի դեպքում Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառվել են տարբեր տիպի զինատեսակներ, որը, ըստ հաղորդագրության, հաստատվում է Մի-24G ուղղաթիռի անկման վայրում գտնված ավիացիոն զինատեսակների, տեխնիկական գույքի, թռիչքային քարտեզների, օդաչուի նոթատետրի վերլուծությամբ, ինչպիս նաև САРПП-12 տիպի ժապավենի վերծանմամբ:

«Ադրբեջանական զինուժի գործողությունները, ինչպես նաև խոցված Մի-24G ուղղաթիռից առգրավված փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած 4-օրյա ռազմական ագրեսիան նախօրոք պլանավորված է եղել ադրբեջանական ղեկավարության կողմից», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG