Մատչելիության հղումներ

logo-print

Անկարան միակողմանի է որակում Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

«Ցավալի է, որ Թուրքիայի բարեկամներն ու դաշնակիցները յուղ են լցնում կրակի վրա», - հայտարարում է Թուրքիայի արտգործնախարարությունը:

Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունը արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին ընդառաջ հայ ժողովրդին հղած ամենամյա ուղերձին:

«Սպիտակ տան ղեկավարի ապրիլի 22-ի հայտարարությունը Առաջին աշխարհամարտի տարիների ողբերգական իրադարձությունները միակողմանի ներկայացնելու հերթական օրինակն է», - գնահատում է թուրքական արտգործնախարարությունը տարածած հայտարարությամբ:

Պաշտոնական Անկարան պնդում է, թե իր «անկեղծ ցանկությունն է հայ և թուրք ժողովուրդների խաղաղ ապագայի կառուցումը՝ հիմնված հարյուրավոր տարիների համատեղ գոյակցության վրա»:

«Ցավալի է, որ Թուրքիայի բարեկամներն ու դաշնակիցները վերոնշյալ կոչին աջակցելու փոխարեն յուղ են լցնում կրակի վրա՝ ձգտելով խորացնել առճակատումը»,- հայտարարում է թուրքական դիվանագիտական գերատեսչությունը:

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է՝ «պատմական ողբերգական իրադարձությունները քաղաքական գործիք դարձնելը երբեք էլ օգուտներ չի բերել»:

«Որոշակի շրջանակներ փորձում են օգուտներ քաղել երրորդ երկրների քաղաքական դիրքորոշումից, որոնք հնչում են ամեն տարի կոնկրետ օրերի: Այդ ամենը ոչ միայն վնաս է հասցնում բարեկամության և խաղաղության վերաբերյալ հույսերին, այլ նաև անհարգալից վերաբերմունք է այդ ժամանակաշրջանի ընդհանուր ցավի նկատմամբ», - ասված է հայտարարությունում:

Թուրքիայի արտգործնախարարությունը ԱՄՆ-ի իշխանություններին կոչ է անում «պատմական փաստերն արդար հիշողության հիման վրա գնահատելով՝ բոլոր կողմերի տառապանքները հաշվի առնող, անկողմնակալ, խոհեմ և կառուցողական մոտեցում ցուցաբերել»:

Հիշեցնենք՝ Բարաք Օբաման Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ամերիկահայ համայնքին և համայն հայությանը ուղղած իր ապրիլքսանչորսյան վերջին ուղերձում ևս խուսափեց Ցեղասպանություն բառից՝ օգտագործելով հայերեն Մեծ Եղեռն ձևակերպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG