Մատչելիության հղումներ

Քլունի․ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի պատմության մասն է


Ջորջ Քլունին մասնակցում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին, Երևան, 23-ը ապրիլի, 2016թ․

Ջորջ Քլունին մասնակցում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին, Երևան, 23-ը ապրիլի, 2016թ․

Հեղինակավոր «Թայմ»-ի կողմից աշխարհի ամենազդեցիկ մարդկանց շարքում դասված հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջորջ Քլունին այսօր Երևանում մասնակցում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 2-րդ գլոբալ ֆորումին։

Ելույթ ունենալով՝ նա նշեց, որ պատասխանատվություն է կրում աշխարհի տարբեր անկյուններում մինչև այսօր տեղի ունեցող բռնությունների դեմ պայքարելու հարցում։ Բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացած դերասանը հասարակական կազմակերպություն է հիմնադրել և վավերագրական երկու ֆիլմ նկարահանել 2000-ականների սկզբին Սուդանի արևմուտքում կառավարության և գրոհայինների միջև հակամարտության հետևանքով Դարֆուրի մարզում հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների դեմ տեղի ունեցած ոճրագործության վերաբերյալ։ Որոշել է իր փառքն ու իրեն մշտապես հետևող տեսախցիկներն օգտագործել՝ ներկայացնելու բռնությունների հետևանքով փախստական դարձած մարդկանց պատմությունները։

Իր ելույթում անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ Քլունին ասաց. - «Ինչպես Դարֆուրի, այնպես էլ Հայոց ցեղասպանության դեպքում երբեմն օգտագործում են զանգվածային սպանդ բառը։ Երկար ու դժվարին պայքար է եղել՝ տեղի ունեցածը կոչելու այնպես, ինչ իրականում կա՝ Ցեղասպանություն։ Դա ի վերջո ստացվում է, բայց ավելի երկար ժամանակ է պահանջում, քան իրականում պետք է պահանջեր։ Չես կարող հերքել այն, ինչ կատարվել է։ Եթե ինչ-որ մեկը փորձում է վերացնել մի ամբողջ մարդկային ցեղի մշակույթ, դու չես կարող դա վերադարձնել, դա ցեղասպանություն է։ Դրա մեկ այլ տարբերակ գոյություն չունի»։

Ջորջ Քլունին ընդգծեց, որ մինչև այսօր էլ աշխարհում տեղի են ունենում ցեղասպանություն ու բռնություններ մարդկության նկատմամբ։ Դեռ Գերմանիայում հրեաների հետ տեղի ունեցածից հետո «միշտ լսում ենք՝ երբեք նորից», ասաց դերասանն ու թվարկեց այն բոլոր դաժանությունները, որ տեսել ենք դրանից հետո՝ Կամբոջայում, Բոսնիայում, Ռուանդայում, Դարֆուրում... «Եվ ճշմարտությունն այն է, որ նորից ու նորից կատարվում է», - ընդգծեց աշխարհահռչակ դերասանը։

«Ես կարծում եմ, որ այն, ինչ մենք այսօր անում ենք, երկու իմաստ ունի։ Առաջինը՝ որ հետ նայենք և չմոռանանք: Հիշենք, որ Հայոց ցեղասպանությունը Հայաստանի պատմության մի մասն է, բայց սա նաև աշխարհի պատմության մի մասն է։ Սա ընդամենը մի երկրի կամ մի ազգի ցավը չէ։ Եվ դրա երկրորդ կողմը այն է, որ մենք պետք է նաև դեպի առաջ նայենք», - հայտարարեց Ջորջ Քլունի, ով առաջին անգամ է Հայաստանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG