Մատչելիության հղումներ

Սարգսյան․ Ցեղասպանությունը կանխարգելումը ողջ մարդկության պատասխանատվությունն է


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, այսօր ելույթ ունենալով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երևանյան գլոբալ ֆորումում, զուգահեռներ տարավ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և Ադրբեջանի միջև։ Նա ընդգծեց, որ Ադրբեջանը միջազգային իրավունքի բազմաթիվ պարտավորություններ է ստանձնել, մի շարք միջազգային կառույցների անդամ է, մարդասիրական կոնվենցիաներ է ստորագրել, սակայն «իր ձեռագրով ոչնչով չի զիջում «Իսլամական պետության» ահաբեկիչներին»։

«Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ նախաձեռնված լայնածավալ հարձակման օրերին ադրբեջանցի զինվորները չբավարարվեցին միայն կրակելով․ նրանք անդամախեղեցին տարեց մարդկանց, հայ զինվորին, կտրեցին նրանց գլուխներն ու ականջները՝ սոցիալական ցանցերում այդ ամենը որպես հերոսության դրսևորում ցուցադրելով։ Եվ այս ամենը Ադրբեջանի իշխանությունների բացահայտ խրախուսմամբ», - ասաց Հայաստանի նախագահը՝ հավելելով․ - «Տարօրինա՞կ չէ արդյոք, որ բարբարոսական քաղաքականություն իրականացնող և քաղաքակրթական բոլոր նորմերը ոտնահարող նման երկիրն այս օրերին հյուրընկալում է «Քաղաքակրթությունների դաշինք» խորագրով համաժողովը: Մի՞թե սա հանդուրժելի կեցվածք է»:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ նախագահը նշեց, որ 2015-ին 100-րդ տարելիցը Հայաստանում խորհրդանշվեց ոչ թե սգով, այլ աշխարհին ուղղված երախտագիտության ու վերածննդի ուղերձներով։ Աշխարհի շատ երկրների ղեկավարներ, խորհրդարաններ, միջազգային կառույցներ ու ականավոր անհատներ ճանաչեցին ու դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը, ասաց Սերժ Սարգսյանը։

Նա նույնքան դատապարտելի համարեց ցեղասպանություն իրագործած երկրների կողմից ժխտողական կեցվածքը, որքան հենց բուն ցեղասպանությունը․ - «Այսօր էլ մարդկությունը, ցավոք, պակաս ունի մարդկայնության։ Դրա վկայությունն է նաև ցեղասպանություն իրականացնողների կամ նրանց ժառանգների կողմից ժխտողականության ալիքը, որն ամենամեծ հարվածն է վերապրածների համար։ Ժխտողականությունը մշտական վախի պայմաններում է պահում վերապրածներին և նրանց սերունդներին, քանզի նրանք, ովքեր ժխտում կամ արդարացնում են տեղի ունեցածը, անուղղակիորեն չեն բացառում ապագայում հնարավոր պայմանների առկայության պարագայում նույն հանցանքը կրկնելու հավանականությունը»։

Հայաստանի նախագահը բնական համարեց, որ ցեղասպանության ենթարկվածներն ու նրանց սերունդներն արդարություն հայցելով՝ իրենց հայացքները շարունակելու են ուղղել միջազգային հանրությանը։ «Աշխարհի որևէ անկյունում իրականացված ցեղասպանությունը պետք է ընկալվի որպես ողջ միջազգային հանրության ձախողման հետևանք, իսկ դրանց կանխարգելումը՝ որպես յուրաքանչյուրիս, այնպես էլ ողջ մարդկության պատասխանատվություն: Ուստի, շատ բնական է, որ ցեղասպանության ենթարկվածները, այն վերապրողներն ու նրանց սերունդները իրենց հայացքները շարունակելու են ուղղել միջազգային հանրությանը՝ արդարություն հայցելով», - ասաց նա:

«Ցանկացած հանցագործության արդարացի դատապարտումը պահանջում է նաև կրած կորուստների ու զրկանքների նկատմամբ տուժածների իրավունքների ճանաչում։ Ասվածը վերաբերում է նաև ցեղասպանություններ և մարդկության դեմ հանցագործություններ վերապրածներին։ Պետք է ապահովվեն անհրաժեշտ մեխանիզմներ, որոնք թույլ կտան ոչ միայն ճանաչել այդ իրավունքը, այլև այն իրականացնել», - շեշտեց Սերժ Սարգսյանը:

«Միջազգային հանրությունը՝ մենք, պետք է նույնքան արագ և վճռականորեն արմատախիլ անենք ցեղասպանածին այսօրինակ երևույթները, որտեղ էլ որ դրանք դրսևորվեն, ինչպես մի քանի օր առաջ դա արեց Շվեդիայի ղեկավարությունն ու հասարակությունը՝ թուրք ազգայնական Բարբարոս Լեյլանիի կողմից հայերի հանդեպ հնչեցված ատելության քարոզչության կապակցությամբ», - ասաց Հայաստանի նախագահը և շարունակեց․ - «Սա պահանջում է համախմբած աշխատանք, երբեմն աշխարհաքաղաքական շահերի ստորադասում, երևույթների հստակ ու հասցեական դատապարտում: Այլապես, եթե նման արատավոր երևույթները արմատախիլ չանենք դեռ սաղմնային վիճակում, ստիպված ենք լինելու լծվել դրանց բազմաբնույթ ու անկանխատեսելի հետևանքների վերացմանը՝ շարունակելու ենք առերեսվել ատելությունից սնվող տարատեսակ հանցագործությունների, որոնցից է, ի դեպ, մեր մայրցամաքում նոր թափ ու ծավալներ ստացած ահաբեկչությունը»:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հայ ժողովուրդը երախտագիտության ուղերձ հղեց ողջ աշխարհին։ Մեկնարկեց «100 կյանք» նախաձեռնությունն ու «Ավրորա» մրցանակաբաշխությունը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր այդ դժվարին օրերին փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Շնորհավորում և հիացմունքս եմ հայտնում մրցանակի հավակնորդներին․ ձեր բոլորի պատմություններն էլ շատ հուզիչ են, միևնույն ժամանակ՝ ոգեշնչող ու քաջալերող։ Շնորհակալ եմ նախաձեռնության հիմնադիրներ Վարդան Գրեգորյանին, Նուբար Աֆեյանին և Ռուբեն Վարդանյանին, մրցանակաբաշխության կազմակերպիչներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերել այս կարևոր նախաձեռնության կյանքի կոչմանը», - հայտարարեց Սերժ Սարգսյանը:

XS
SM
MD
LG