Մատչելիության հղումներ

ՀՀԿ խոսնակի խոսքով, հանրության շրջանում Սերգեյ Լավրովի այցի հետ կապված վատատեսական կանխատեսումները չիրականացան

Այսօր ուշ երեկոյան տեղի է ունեցել իշխող Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի արդյունքները և իրավիճակը շփման գծում։

«Մեր կողմից նշենք, որ որևէ նոր փաստաթուղթ չկա, Հայաստանի դիրքորոշումը այս հարցում չի փոխվել․ Հայաստանը եղել է, մնում է և կլինի Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Մենք գտնում ենք, որ Արցախի խնդիրը պետք է լուծվի երեք հայտնի սկզբունքների հիման վրա և առանցքում պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։ Արցախի ժողովուրդը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր», - նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակի խոսքով, հանրության շրջանում Սերգեյ Լավրովի այցի հետ կապված վատատեսական կանխատեսումները չիրականացան․ - «Խոսվում էր զիջումների մասին, տարածքների հանձնման մասին։ Ասում էին՝ Լավրովը գալիս է Հայաստան պարտադրելու։ Մենք տեսանք, որ դրանք իրականության հետ որևէ կապ չունեն։ Լավրովն ասաց՝ սեղանին որևէ նոր փաստաթուղթ չկա, ինքը Երևան որևէ նոր փաստաթուղթ չի բերել»։

Էդուրադ Շարմազանովը հայկական կողմի դիվանագիտական հաջողությունն է համարում այն, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները նշում են՝ անժամկետ պետք է գործի 1994-ին կնքված զինադադարը։ ՀՀԿ խոսնակի կարծիքով, սա նաև գնահատական է, որ հնչում է Ադրբեջանի հասցեին։

«Լավրովը հստակ նշեց, որ կազանյան փաստաթղթից Հայաստանը չի հրաժարվել, իսկ եթե հրաժարվել է Ադրբեջանը, նշանակում է խնդիրը Ադրբեջանի մեջ է, բանակցությունները դեպի փակուղի տանում է Ադրբեջանը։ Սա նշանակում է, որ ագրեսիան սանձազերծել է այն կողմը, որը համաձայն չէ էսօրվա իրավիճակին։ Դիվանագիտությունը այն չի, որ ասում են ալֆա, բետա, գամա, օմեգա։ Ասում են շատ դեպքերում նաև անուղղակի բաներ, որը պետք է նայել և տեսնել։ Մի բան կարող եմ նշել, որ գոնե այն տխուր վերլուծությունները, որ տրվում էին Ռուսաստանի արտգործնախարարի այցի հետ կապված, չիրականացան, տեսանելի հրապարակային երևույթներով հստակ դարձավ, որ այս մեկ ամսվա ընթացքում նաև հայկական դիվանագիտությունը ճիշտ է աշխատել և կարողացել է պաշտպանել իր պետության և Արցախի ժողովրդի շահերը»։

Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանի նախագահը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու հարցի մասին նույնպիսի կոշտ դիրքորոշում չհնչեցրեց, ինչպես Ռուսաստան կատարած այցի ժամանակ, ՀՀԿ խոսնակը պատասխանեց՝ ամեն օր նույն գնահատականը պետք չէ տալ, քաղաքականությունը ունի հրապարակային և ոչ հրապարակային մաս։

«Լավրովն ասաց ԱՊՀ տարածքում Ռուսաստանի առանցքային գործընկերը Հայաստանն է։ ԱՊՀ անդամ է նաև Ադրբեջանը։ Այսինքն՝ սա մեսիջ էր միգուցե ռուսական լրատվամիջոցներին, ովքեր տարբեր կարծիքներ էին հնչեցնում, միգուցե Ադրբեջանին, միգուցե միջազգային հանրությանը։ Բերեք ընդունենք, որ արտգործնախարարը այն մարդը չէ, որ պատահական հայտարարություններ անի», - նաև ասաց Շարմազանովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG