Մատչելիության հղումներ

logo-print

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ընտրական օրենքի նախագծին


Մի քանի ժամ տևած թեժ քննարկումից հետո Ընտրական օրենսգրքի վիճահարույց նախագիծն այսօր խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ և հաջորդ շաբաթ կմտնի լիագումար նիստ:

Նախագծի հեղինակներից Դավիթ Հարությունյանի խոսքով, թեև 4+4+4 պայմանական ձևաչափով քննարկումների արդյունքում փոխհամաձայնության հանգել չհաջողվեց, սակայն ընդդիմադիրների հնչեցրած շատ առաջարկների հիման վրա նախագծում փոփոխություններ կատարվել են:

Հարությունյանը շեշտեց, որ իրենք պատրաստ են քննարկել ընդդիմադիրների բոլոր պահանջները՝ բացի մեկից․ զիջումների չեն գնա և չեն փոփոխի միայն բաց ցուցակներով համամասնական ընտրակարգը․ - «Համապետական միայն մեկ փակ ցուցակը նշանակելու է քաղաքականությունը բերել Երևան, ամբողջովին անտեսել մեր մարզերը, ինչը մենք համարում ենք շատ վտանգավոր քայլ: Այդ պատճառով է, որ մենք մերժում ենք ձեր առաջարկությունը»:

Պատգամավորների հարցերի և ելույթների մեծ մասը իշխանությունների համար խիստ սկզբունքային այս կետին էր վերաբերում:

Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ այդպիսով ոչ թե կզարգանա քաղաքական մշակույթը մարզերում, այլ հետընթաց կապրի ողջ երկրում․ - «Օրինակ, եթե Դուք և մեկ այլ, օլիգարխ թեկնածու լինի, ապա Դուք այդ օլիգարխից կընկնեք քսանհինգ անգամ հեռու: Սա է խնդիրը: Եթե մենք փոխենք քաղաքական համակարգը, զարգացնենք, ապա մենք պետք է այլ մեթոդների դիմենք, որովհետև մեր իրականության մեջ այսպես մենք չենք կարողանալու քաղաքական համակարգը զարգացնել»:

Վանաձորից ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանը միացավ քննադատութանը․ ասաց, թե մարզերում քաղաքական ակտիվությունը բարձրացնելու այլ միջոցներ կան․ - «Չենք լուծում մարզային ներկայացուցչության հարցը, որովհետև այլ մեխանիզմներ կան այդ խնդիրը լուծելու համար, այլ լուծում ենք ադմինիստրատիվ ռեսուրսի արդյունավետ կիրառման և այնուհետև չափելի ու գնահատելի կիրառման խնդիրը»:

Գագիկ Ջհանգիրյանը (ՀԱԿ) հետաքրքրվեց․ - «Դուք երեք գումարման Ազգային ժողովում եղել եք պատգամավոր: Դուք մտավախություն չունե՞ք, որ այս համակարգի գործադրման արդյունքում մենք ապագայում ունենալու ենք ավելի վատ Ազգային ժողով․․․ որակային տեսակետից ավելի վատ»:

«Ես մտավախություն շատ չունեմ», - արձագանքեց Դավիթ Հարությունյանը:

Արամ Մանուկյանը (ՀԱԿ) նկատեց․ - «Շրջաններում ռեյտինգային քվեարկության համար ոչ մի քայլ չեն զիջելու: Ինչո՞ւ․․․ Պարզ չէ՞: Որովհետև հիսուն դեպուտատ ինքը ուզում ա էդ ցուցակով․ մաֆիոզների, գողերի, տեղական իշխանիկների քվեարկության արդյունքում հիսուն դեպուտատ գրպանում ունենա․․․ Մնացածի հետ, ասում ա՝ արի քու հետ բարըշեմ, մի քիչ դեմոկրատիա խաղամ»:

Ինչ վերաբերում է ընդդիմադիրների մյուս առաջարկներին, ապա Դավիթ Հարությունյանն ասաց, որ դրանց հիման վրա որոշակի փոփոխություններ են կատարվել նախագծում, ինչը թույլ կտա բացառել կեղծիքները:

Օրինակ, մատները թանաքոտելու փոխարեն, ինչպես առաջարկում էին ընդդիմադիրները, իրենք առաջարկում են վերցնել բոլոր ընտրողների մատնահետքերը, ապա ընտրություններից հետո համեմատել՝ կրկնաքվեարկությունը բացառելու նպատակով:

«Մատնահետքերը բոլորի կվերցնեն, և այդ մատնահետքերը կհամադրվեն: Իսկ մատնահետքերը դրանք օբյեկտիվ ինֆորմացիա են և իսկապես միշտ կարելի է վերջանական ճշմարտությանը հասնել», - ասաց Հարությունյանը:

Թեև իշխանությունը ընդդիմության հիմնական պահանջին համաձայն չէ և չի հրապարակի քվեարկած քաղաքացիների անունները, քանի որ, ըստ Հարությունյանի, դա խախտում է գաղտնիության սկսզբունքը, սակայն հենց տեղամասում կտրամադրեն քվեարկած քաղաքացիների համարները, որպեսզի ցանկացողները դրանք համեմատելու հնարավորություն ունենան:

Նա ասաց նաև, որ ցուցակները մաքրելու հարցով իրենք չեն զբաղվի․ դա թողնում են ընդդիմադիրներին և քաղաքացիական հասարակությանը․ - «Եվ եթե որևէ մի ընտրող, որը ենթադրաբար, ընդդիմադիր խմբակցությունների կարծիքով, երկարաժամկետ բացակայում է հանրապետությունից, նրա որևէ փաստաթուղթ ներմուծվեց սարքի մեջ, սարքը հատուկ ձայնային ազդանշան հանի՝ ուշադրություն հրավիրելով, որ ինչ-որ բանի պետք է հատուկ ուշադրությամբ հետևել»:

Հակառակ Դավիթ Հարությունյանի պնդմանը, թե իրենք ընդառաջ են գնացել ընդդիմությանը և զիջումներ են կատարել՝ Արամ Մանուկյանը կարծում է, որ իրենց պահանջներից ոչ մեկն իրականում չի կատարվել․ - «Հիմնական խնդիրը, որ դրված էր՝ կեղծիքների դեմն առնելու, առնված չէ»:

XS
SM
MD
LG