Մատչելիության հղումներ

logo-print

ԼՂ ԱԳ նախարար․ «Արցախյան կողմը պետք է հանդես գա, որպես բանակցային գործընթացի լիարժեք կողմ»


Կարեն Միրզոյան, ԼՂ ԱԳ նախարար, արխիվ

Կարեն Միրզոյան, ԼՂ ԱԳ նախարար, արխիվ

Այսօր ԼՂ Ազգային Ժողովում պատգամավորների հարցերին պատասխանելիս, անդրադառնալով ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում շրջանառվող «Մադրիդյան սկզբունքներին», ԼՂ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, մասնավորապես, ասել է՝

«Կարծում եմ, այդ հարցի պատասխանը բազմիցս հնչեցվել է թե՛ Ազգային Ժողովում, թե՛ զանազան այլ կառույցներում, ոչ միայն արտաքին գործերի նախարարի շուրթերից, այլ նաև այդ հարցերի շուրջ տեսակետ հայտնելու իրավասու բոլոր արցախյան պաշտոնյաների կողմից։ Մենք համոզված ենք, որ ցանկացած փաստաթուղթ, որի քննարկմանը և մշակմանը չի մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ուղղակի կենսունակ չէ։ Եվ դա ոչ միայն համոզմունք է, այլև տրամաբանական եզրակացություն»։

«Հենց դրա համար էլ մենք պնդում ենք, և դուք գիտեք մեր պաշտոնական տեսակետը, որ արցախյան կողմը պետք է վերականգնի իր կարգավիճակը՝ որպես բանակցային գործընթացի լիարժեք կողմ։ Բանակցային գործընթաց ասելով՝ մենք հասկանում ենք նրա բոլոր փուլերը. որոշակի գաղափարներ առաջ քաշելը, ընդհանուր բանակցային փիլիսոփայության մշակումը»,- ըստ Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ պաշտոնական կայքէջի, ասել է Կարեն Միրզոյանը:

ՌԴ արտգործնախարարի հայաստանյան այցի և ռուսական «Известия» պարբերականի հայտնի հրապարակման մասին հարցին ի պատասխան, ԼՂ ԱԳ նախարարն ասել է՝

«Տեղյակ եմ «Известия» օրաթերթի հրապարակմանը, բայց արտաքին քաղաքականություն մշակելիս և իրականացնելիս մենք առաջնորդվում ենք ոչ թե այս կամ այն թերթային հրապարակումով։ Հիշեցնեմ, որ այս օրերին բազմաթիվ հրապարակումներ են եղել՝ իրարամերժ, նույնիսկ իրար շատ խիստ հակասող։ Մենք առաջնորդվում ենք պաշտոնական հայտարարություններով։ Եվ ես խորհուրդ եմ տալիս առաջնորդվել հենց այդ հայտարարություններով, ոչ թե այլևայլ թերթային հրապարակումներով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG