Մատչելիության հղումներ

Լավրով․ «Այս փուլում առաջնահերթ է կրակի դադարեցման համաձայնագրերի անշեղ կատարումը»


Սերգեյ Լավրովի և Էդվարդ Նալբանդյանի համատեղ ասուլիսը, Երևան, 22-ապրիլի, 2016թ․

Սերգեյ Լավրովի և Էդվարդ Նալբանդյանի համատեղ ասուլիսը, Երևան, 22-ապրիլի, 2016թ․

Երևանյան ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարարը քննադատեց ԼՂ հարցում Թուրքիայի դիրքորոշումը, Անկարայից հնչող հայտարարությունները բնութագրելով, որպես «պատերազմի կոչեր»:

Այսօր Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների՝ մոտ մեկուկես ժամ տևողությամբ հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսին Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց՝ այս փուլում ղարաբաղյան հակամարտության գոտում առաջնահերթ է կրակի դադարեցման մասին եղած համաձայնագրերի անշեղ կատարումը:

Լավրովը երեկ է ժամանել Երևան, այսօր նրան ընդունել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Ռուսաստանի ԱԳ նախարարն ասուլիսի ժամանակ, մինչ ղարաբաղյան հիմնախնդրին անդրադառնալը, իր ցավակցությունները հայտնեց ապրիլյան բախումների ընթացքում զոհվածների հարազատներին: Այստեղ թերևս հարկ է ընդգծել, որ հենց Ռուսաստանն է Ադրբեջանին հարձակողական սպառազինության հիմնական մատակարարը, և ապրիլի սկզբին Բաքուն հենց այդ սպառազինությունը կիրառեց հայկական ուժերի և խաղաղ բնակավայրերի դեմ:

«Այդ ողբերգական իրադարձությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ հակամարտությունը չունի և չի կարող ունենալ ռազմական լուծում և կարող է կարգավորվել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Այս փուլում համարում ենք՝ բացարձակորեն առաջնահերթ է կրակի դադարեցման մասին 1994, 1995թ․թ․ համաձայնագրերի ամբողջակական, անշեղ կատարումը: Այդ համաձայնագրերն անժամկետ են, և բոլոր կողմերն ամբողջությաբ պետք է հարգեն դրանք: Ռուսաստանը, որպես պետություն և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների անդամ, ամեն ինչ կանի, որպեսզի կողմերին ցուցաբերի ամեն տեսակի աջակցություն»,- նաև հայտարարեց Սերգեյ Լավրովը:

ՌԴ արտգործնախարարի երևանյան այցից ժամեր առաջ Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ իր ղեկավարը Երևան է տանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշակի առաջարկներ: Որևէ առաջարկի մասին, սակայն, Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներն այսօրվա ասուլիսի ժամանակ չխոսեցին: Իսկ թե ինչ առաջարկների շուրջ են ընթացել երևանյան բանակցությունները, լրագրողներին ասուլիսի ժամանակ հնարավորություն չտրվեց ստանալ այդ հարցի պատասխանը:

«Կրկին ընդգծեմ՝ այս փուլում բացի անժամկետ զինդադարի բոլոր պայմանների ամբողջական կատարումից, կարևոր ենք համարում ուշադրություն դարձնել՝ վստահության ամրապնդման, անվտանգության ապահովման և միջադեպերի հետաքննման միջոցների գործնական իրականցմանը, որոնք ռուսաստանյան միջնորդությամբ համաձայնցեվել էին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից 2011 թվականին և որոնց իրականացման ուղղությամբ աշխատել էր ԵԱՀԿ-ն: Կարծում եմ, այդ որոշումների կյանքի կոչման հետագա դանդաղումը ճիշտ չէր լինի»,- հավելեց ՌԴ արտգործնախարարը:

Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, Լավրովն ասաց՝ Հայաստանը կազանյան փաստաթութղը չի մերժել: Էդվարդ Նալբանդյանն էլ շարունակեց՝ այն մերժել է Ադրբեջանը: Ավելին՝ Ադրբեջանը մերժել է ոչ միայն կազանյան, այլև՝ նախորդ փաստաթղթերը:

«Նույն հետքայլը կամ մերժումը Ադրբեջանն արեց ոչ միայն Կազանում, այլև Կազանից առաջ: Ինչպես ես բազմիցս ասել եմ՝ մերժել է Սոչիում, Սոչիից առաջ՝ Մոսկվայում, Մոսկվայից առաջ՝ Աստրախանում, Աստրախանից առաջ՝ Սանկտ-Պետերբուրգում և այլն»,- հիշեցրեց Էդվարդ Նալբանդյանը:

Ասուլիսի ժամանակ Լավրովը նաև քննադատեց ԼՂ հարցում Թուրքիայի դիրքորոշումը: «Թուրքական ղեկավարության հնչեցրած հայտարարությունները բացարձակապես անընդունելի են՝ մի պարզ պատճառով․ դրանք պատերազմի, այլ ոչ թե խաղաղության կոչեր էին: Դրանք կոչեր էին՝ լուծել հակամարտությունը ռազմական, ուժային տարբերակով: Սա հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջազգային հանրության դիքորորշմանը»,- Երևանում հայտարարեց ՌԴ արտգործնախարարը:

XS
SM
MD
LG