Մատչելիության հղումներ

Էրդողանը Բաքու է մեկնում ընդլայնված պատվիրակությամբ


Ավելի վաղ «Ենի շավաք» թերթը նկատել էր՝ Էրդողանի այցը տեղի է ունենում հայ-ադրբեջանական լարվածության աճի ֆոնին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն ապրիլի 25-ին երկօրյա այցով Ադրբեջան է մեկնելու մեծ պատվիրակության ուղեկցությամբ: Դրա կազմում ընդգրկված են Թուրքիայի փոխվարչապետը, արտաքին գործերի, էկոնոմիկայի էներգետիկայի և մշակույթի նախարարները:

Այս մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանն ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ջոշգուն: Նա նշել է՝ թեև Էրդողանի այցի հիմնական նպատակը Բաքվում կայանալիք՝ ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի համընդհանուր ֆորումին մասնակցելն է, սակայն նման ֆորումների շրջանակում պետությունների ղեկավարները հանդիպումներ են ունենում և տարբեր հարցեր քննարկում: Դեսպանը հավելել է, որ ապրիլի 25-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը կընդունի Թուրքիայի նախագահ Էրդողանին, օգտվելով հնրավորությունից, միմյանց հետ հանդիպումներ կունենան նաև երկու երկրների գործընկեր նախարարները:

Իսմայիլ Ջոշգուն հավելել է, որ սա կլինի Էրդողանի և Ալիևի այս տարվա արդեն երրորդ հանդիպումը: Թուրքիայի նախագահի այցը Բաքու ավարտվելու է ապրիլի 26-ին: Նրա այցի պաշտոնական ժամանակացույցում նշված տեղեկություններից բացի, Բաքվում կայանալիք հանդիպումների մասին այլ մանրամասներ հայտնի չեն:

Ավելի վաղ «Ենի շավաք» թերթը նշել էր, որ Էրդողանի այցը տեղի է ունենում հայ-ադրբեջանական լարվածության աճի ֆոնին: Բաքվի ֆորումն անցկացվելու է ապրիլի 25-ից 27-ը, նախատեսվում է, որ դրան կմասնակցեն տարբեր երկրների ավելի քան 2000 ներկայացուցիչներ:

Հայաստանը հայտարարել է, որ չի ընդունում այդ Ֆորումն ու դրա կողմից ընդունվելիք փաստաթղթերը: Ապրիլի 20-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, նշված էր՝ «Հայաստանը համոզված է, որ «ստեղծված զարհուրելի իրավիճակում պետք է չեղարկվեր Յոթերորդ ֆորումի գումարումն Ադրբեջանում` մի երկրում, որը կոպտորեն խախտում է հենց Քաղաքակրթությունների դաշինքի նպատակները, սկզբունքներն ու արժեքահամակարգը:

Հայաստանը, հավատարիմ լինելով Դաշինքի նպատակներին, շարունակում է մնալ վերջինիս բարեկամը: Սակայն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայաստանը չի միանում ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի հռչակագրի վերաբերյալ կոնսենսուսին: Ուստի կոնսենսուսի բացակայության պայմաններում հռչակագիրը չի կարող ընդունվել: Հայաստանը մերժում է Բաքվում անցկացվող Յոթերորդ ֆորումն իր ամբողջությամբ, ներառյալ՝ դրա արդյունքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG