Մատչելիության հղումներ

ԱԺ պատգամավոր․ Ռուսաստանն առաջնորդվում է բացառապես իր շահերով


ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ զորամասերից մեկում, 19-ը ապրիլի, 1916թ․
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ զորամասերից մեկում, 19-ը ապրիլի, 1916թ․

Ըստ «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության քարտուղարի, հայկական կողմն էլ պետք է առաջնորդվի իր շահերով և տուրք չտա այլոց ցանկություններին:

«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմը պետք է առաջնորդվի բացառապես սեփական շահերով և տուրք չտա որևէ կողմի, այդ թվում՝ ՄԽ համանախագահ երկրների ու, մասնավորապես, Ռուսաստանի ցանկություններին:

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարինա Զախարովան, հիշեցնենք, նախօրեին հայտարարել էր, թե ՌԴ արտգործնախարար Լավրովը ԼՂ հակամարտության կարգավորման որոշակի առաջարկություններ կբերի Երևան։

«Իրենք իրենց շահերն ունեն և ինչ ուզում են թող ասեն, հարյուր անգամ եկել են, տարբեր բաներ են առաջարկել, հազարումի հարցեր են քննարկվել: Օրինակ, հիշում եմ՝ մեկ տարի առաջ նախկին ֆրանսիացի համանախագահն ասաց, որ աշխարհը գիտակցում է, որ Ղարաբաղը չի կարող այլևս Ադրբեջանի կազմում լինել, բայց, սրա հետ միասին, դուք պետք է հասկանաք, որ զիջումների պետք է գնալ։

Սա իր պատկերացումներն են, մեկը ուրիշն էլ մեկ այլ պատկերացում ունի, պետք է հասկանանք՝ արդյո՞ք վստահելու ենք որևէ մի խոստման, եթե ոչ՝ ուրեմն պետք է հասկանանք, որ մեր սեփական շահերի պաշտպանը միայն մենք ենք»,- ասաց պատգամավորը:

Պողոսյանը դժվարացավ կռահել ՌԴ ԱԳ նախարարի առաջարկների էությունը, սակայն, վստահորեն պնդեց՝ ինչ էլ լինի, դրանք հիմնված են լինելու բացառապես Ռուսաստանի շահերի վրա: «Սրանով Ռուսաստանն ուզում է աշխարհին ցույց տալ, որ տեսեք՝ ինչքան հզոր պետություն եմ, ինչեր կարող եմ անել, ես եմ տերը Հարավային Կովկասում»,- ասաց Թևան Պողոսյանը:

Ըստ նրա, հայկական կողմը պետք է պատրաստ լինենք «ամեն ինչի»։ «Մեր պատերազմը 1994-ից հետո չի ավարտվել, մենք պետք է մեր հոգեբանությունը նորից վերափոխենք և ապրենք պատերազմական ժամանակահատվածի հոգեբանությամբ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Թևան Պողոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG