Մատչելիության հղումներ

Ցուցարարներն արյունոտ կոշիկ և մոլոտովյան կոկտեյլ «նվիրեցին» Ռուսաստանի դեսպանատանը


Բողոքի ակցիայի մեկնարկը Ազատության հրապարակում

Բողոքի ակցիայի մեկնարկը Ազատության հրապարակում

Ռուսաստանի արտգործնախարարի երևանյան այցին ընդառաջ այսօր հերթական բողոքի ակցիան անցկացվեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև:

«Ձեռքներդ հեռու Արցախից» կարգախոսով ցուցարարները Ազատության հրապարակից շարժվեցին նախ դեպի Հայաստանի արտգործնախարարություն, որտեղ վաղը Սերգեյ Լավրովը բանակցելու է հայաստանցի պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ: Ակցիայի մասնակիցները ծանոթ էին այս օրերին ռուսական մամուլում հրապարակվող տեղեկություններին, թե Մոսկվան իր ձեռքն է վերցնելու ղարաբաղյան կարգավորման բանակցությունները՝ Ադրբեջանին շրջաններ վերադարձնելու ծրագրով:

«Մի թիզ հող զիջելն անգամ դավաճանություն է»,- հայտարարեց Անահիտ Բախշյանը, ով զինվորական հոսպիտալից էր եկել ցույցին․ - «Տղաներն ասում էին գնա՛, ասա՝ «ո՛չ»:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքով, Ռուսաստանը իմպերիալիստական գործելաոճ է ընտրել ղարաբաղյան հարցում:

«Բանակցությունները պետք է տեղի ունենան ադրբեջանական ագրեսիան դատապարտելու և ապրիլին Լեռնային Ղարաբաղի խախտված տարածքային ամբողջականությունը վերականգնելու շուրջ», - հայտարարում էր ընդդիմադիր պատգամավորը:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը փորձում է հանգստացնել ցուցարարներին

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը փորձում է հանգստացնել ցուցարարներին

Ռուսաստանի դեսպանատան դիմաց ոստիկանությունը մեծ թվով ուժեր էր կենտրոնացրել՝ ցուցարարներին այդպես էլ թույլ չտալով անցնել մայթն ու մոտենալ շենքին: Ակցիայի մասնակիցներից միայն մի քանիսը կարողացան դեսպանատան մուտքի մոտ թողնել խորհրդանշական «նվերը»՝ մոլոտովյան կոկտեյլ և արյունոտ կոշիկ՝ որպես «ռուսական սապոգ»-ի խորհրդանիշ:

Նախորդ շաբաթ ևս դեսպանատան դիմաց ակցիա անցկացվեց՝ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով: Ցուցարարներն այդ օրը ձվեր էին նետել շենքի ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG