Մատչելիության հղումներ

ԱԳՆ. Մեր միջազգային գործընկերները փաստում են, որ Ադրբեջանն է իրականացրել հարձակում


Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում
Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել` հակադարձելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պնդումներին, թե` ապրիլի 2-ին մեկնարկած ռազմական գործողությունների համար պատասխանատու է հայկական կողմը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության գնահատմամբ` այդպիսով Ադրբեջանը փորձում է «խուսափել գործած ռազմական հանցագործությունների համար պատասխանատվությունից»:

«Առաջին անգամ չէ, որ Բաքուն ապարդյուն փորձեր է կատարում՝ խեղաթյուրելու ակնհայտ իրականությունը։ Մեր միջազգային գործընկերները ևս շփումների ընթացքում փաստում են, որ, անկասկած, հենց Ադրբեջանն է իրականացրել լայնածավալ հարձակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել, կատարվել են ռազմական հանցագործություններ», - հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը:

«Հայաստանը խստորեն դատապարտում է 1994թ. մայիսին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև զինադադարի մասին անժամկետ եռակողմ համաձայնագիրը կասկածի տակ դնելու Ադրբեջանի ապարդյուն փորձերը, ինչը վտանգավոր քայլ է և սպառնում է առավել ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում», - ասված է Հայաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում, - «Այս ամենը ցույց է տալիս, որ, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցությունները շարունակելու միջազգային հանրության բոլոր կոչերին, Բաքվի իրական նպատակն է խափանել կարգավորման գործընթացը։ Սրա մասին է վկայում նաև այն փաստը, որ Ադրբեջանի արտգործնախարարության երկարաշունչ հայտարարության մեջ գեթ մեկ անգամ հղում չկա ոչ միայն Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարություններին, այլև ընդհանրապես բացակայում է որևէ հիշատակում միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ Մինսկի խմբի համանախագահության մասին»:

Եզրափակելով` Հայաստանի արտգործնախարարությունը արձանագրում է. - «Ադրբեջանը փորձում է բանակցությունները ներկայացնել որպես միայն Բաքվին հետաքրքրող հարցերի քննարկման շուրջ մի ինչ-որ գործընթաց։ Ակնհայտ է, որ Բաքվին սթափեցնելու համար այլևս բավարար չեն կոչերն ու հորդորները, հարկավոր են հստակ քայլեր՝ Ադրբեջանին կարգի հրավիրելու և կառուցողական դաշտ բերելու նպատակով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG