Մատչելիության հղումներ

Երևանի օղակաձև զբոսայգում տեղադրված նոր հուշակոթողի վրա փորագրված է․ «2014 թվականի օգոստոսի 3: Շանգալի ժողովրդին»:

Հայաստանաբնակ եզդի Ամո Շարոյանի խոսքով՝ հուշարձանը նվիրված է եզդիների և այլ ժողովուրդների հիշատակին, որոնց նկատմամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը 2014 թվականին ցեղասպանություն իրականացրեց Հյուսիսային Իրաքի Շանգալ նահանգում։

«Ինչպես Հայոց, այնպես էլ բոլոր ցեղասպանությունները պետք է դատապարտվեն, պետք է ճանաչվեն, որպեսզի գոնե չկրկնվեն», - ասաց Շարոյանը, ով գլխավորում է «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորումը:

Հայացքը վեր հառած կինը եզդի մոր խորհրդանիշն է, նրա գրկի երեխան՝ եզդի ժողովուրդը, որը պաշտպանության կարիք ունի։ Այսպես են բացատրում հուշարձանի նշանակությունը այն ֆինանսավորած ռուսաստանաբնակ Շամոյան եղբայրները։

Թեկուզ ցեղասպանությունն այժմ դադարեցված է, բայց նրանք անհանգստացած են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը գերի ընկած իրենց ազգակիցների ճակատագրով:

«Այսօր մոտ երկու հազար հոգի ազատված է, բայց, տարբեր տվյալներով, դեռ մոտ հինգ հազար կին և երեխա գերության մեջ են։ Նաև նրանց պատվին է կանգնեցված այս հուշարձանը», - ասաց Ռաշիդ Շամոյանը։

Եզդիների 2014-ի ցեղասպանությանը նվիրված հուշակոթող առաջինը Հայաստանում է կանգնեցվում, հարևանությամբ 1915 թվականին այդ ժողովրդի ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում խորհրդանշող հուշարձանն է։

Եզդիները համոզված են, որ հարգանքի այս տուրքը երկու ժողովուրդների հարաբերություններն ավելի կամրապնդի։ Պնդում են՝ եզդիները միշտ հայերի կողքին են եղել, հիշում են Անդրանիկ Օզանյանի կողքին կռված Ջահանգիր աղային, նաև ապրիլի սկզբին Ղարաբաղում զոհված Քյարամ Սլոյանին։

«Ինչպես 2014 թվականին ԻՊ-ի հրեշները ուզեցան մի ողջ ժողովուրդ ոչնչացնել, այնպես էլ ապրիլի 2-ին մեր հարևանները նույնպես ցանկություն ունեցան նույն ձեռագրով, նույն ոճով մի ժողովրդի նույնպես ոչնչացնել: Բայց, փառք Աստծո, նրանց առջև վահան դարձավ մեր՝ եզդիների և հայերի զինակից եղբայրությունը», - ասաց Ամո Շարոյանը:

Հուշարձանի բացմանը ներկա էին Ազգային ժողովի պատգամավորական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ, Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը։

Եզդիները Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունն են․ 2011-ի մարդահամարի տվյալով, այստեղ մոտավորապես 35 հազար եզդի է բնակվում։

XS
SM
MD
LG