Մատչելիության հղումներ

Հայաստանում չեն կիսում գնահատականը, թե մամուլի ազատության ոլորտում երկիրը բարելավել է դիրքերը


ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանի գնահատմամբ, լրագրողների նկատմամբ բռնությունները մեծ մասամբ անպատիժ են մնացել, դրանց թիվն էլ չի նվազել։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը համաձայն չէ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության գնահատականին, ըստ որի, Հայաստանը 2015 թվականին 4 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը մամուլի ազատության ոլորտում։

Հայաստանյան լրատվամիջոցները մշտապես տեսադաշտում պահող Նավասարդյանը վստահ է՝ դա ոչ թե Հայաստանում արձանագրված դրական, այլ աշխարհում եղած բացասական միտումների արդյունք է։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հետընթաց է արձանագրել անգամ Եվրամիության անդամ մի շարք երկրներում, ինչպես օրինակ՝ Հունգարիայում, Լեհաստանում, Հունաստանում և Իտալիայում։ «Տագնապալի է, քանի որ դրանով արդարացնում են մեր նման երկրներում տիրող իրավիճակը ...»,- նկատում է Նավասարդյանը:

Շեշտելով ոլորտում առկա մի շարք խնդիրներ, ԵՄԱ նախագահը պնդում է՝ եթե Հայաստանում նախորդ տարիների համեմատ վիճակը չի վատացել, ապա առնվազն նույնն է մնացել՝ օրենսդրական կարգավորումները լրատվական դաշտի օգտին չեն եղել, լրագրողների նկատմամբ բռնությունները մեծ մասամբ անպատիժ են մնացել, ու դրանց թիվը չի նվազել։ Երևանի մամուլի ակումբի ղեկավարը ևս մեկ շեշտադրում է անում՝ «այժմ ավելի կոպիտ ու արհամարհանքով են խոսում լրագրողների հետ»:

Բորիս Նավասարդյանը հիշեցնում է անցած տարի հունիսին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ տեղի ունեցած բողոքի ակցիաները, երբ ոստիկանները ուժ կիրառեցին ոչ միայն ցուցարարների, այլև 14 լրագրողի ու օպերատորի նկատմամբ, խոչընդոտեցին տարբեր լրատվամիջոցների ավելի քան 20 ներկայացուցչի մասնագիտական գործունեությունը՝ ընդհուպ ոստիկանություն բերման ենթարկելով, ջարդվեցին լրագրողների նկարահանող սարքերը, առգրավվեցին հիշողության քարտերը, անհետացան տեսագրություններն ու լուսանկարները։ Դեռ անցած տարեվերջին լրագրողական կազմակերպությունները դատապարտեցին ոստիկանների անպատիժ գործողությունները։ «Հետագա հետաքննությունը ցույց է տալիս, որ բացահայտելու կամք չկա»,- ասում է Նավասարդյանը:

Հայաստանյան լրագրողական կազմակերպությունները լրագրողների նկատմամբ ոտնձգություններ են արձանագրել նաև դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի օրը։ Սակայն մինչ այսօր այդ փաստերի առնչությամբ որևէ մեկը պատասխանատվություն չի կրել։

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը վերլուծում է 2015 թվականի իրենց գործունեությունն ու ասում՝ թերթի համար վատ տարի է եղել։ «Իրականում հիմա մամուլում աշխատելը ավելի դժվար է, քան մի քանի տարի առաջ...»,- ընդհանրացնում է խմբագիրը:

Նա նաև նշում է, որ անցած տարի իր ղեկավարած թերթի դեմ մի քանի դատական հայցեր են եղել։ Խմբագրությունից հերքում և փոխհատուցում են պահանջել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը, ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանն ու «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը։ Լրագրողների հրապարակումները որպես վիրավորանք ընկալող պաշտոնյաները հիմնականում հաղթում են դատարաններում, սակայն, Արմինե Օհանյանը վստահեցնում է՝ շարունակելու են պայքարել խոսքի ազատության համար ու հարկ եղած դեպքում՝ անգամ Եվրադատարան են հասնելու։

XS
SM
MD
LG