Մատչելիության հղումներ

Ոստիկանապետն ու փոխոստիկանապետը Արգիշտի Կիվիրյանին «նսեմացնելու նպատակ չեն ունեցել»


Արխիվ -- Ոստիկանությունը ցրում է Բաղրամյանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը ջրցան մեքենայի օգնությամբ, 23-ը հունիսի, 2015թ.

Արխիվ -- Ոստիկանությունը ցրում է Բաղրամյանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը ջրցան մեքենայի օգնությամբ, 23-ը հունիսի, 2015թ.

Ակտիվիստը պահանջում է պարտավորեցնել բարձրաստիճան ոստիկաններին հրապարակային ներողություն խնդրել

Կենտրոնի դատարանում այսօր շարունակվեց քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի՝ ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու նրա տեղակալ Հունան Պողոսյանի հայցի քննությունը:

Ակտիվիստը պահանջում է պարտավորեցնել բարձրաստիճան ոստիկաններին հրապարակային ներողություն խնդրել և հերքել Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ակցիայի օրերին իր հասցեին արված արտահայտությունները: Վլադիմիր Գասպարյանն «Ազատության» հետ զրույցում հիշատակելով Կիվիրյանին՝ ասել էր, որ նա ակցիայի շնորհիվ «դիվիդենտներ» է շահում: Իսկ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժման ամենալարված օրերից մեկի ժամանակ պնդել էր, որ ցուցարարների մեջ կան «սադրիչներ, ստահակներ ու խառնակիչներ», ովքեր «հանցագործություն են նախապատրաստում», և մասնավորեցրել էր` «ի դեմս Նախախորհրդարանի և Արգիշտի Կիվիրյանների»:

Ակտիվիստի շահերի ներկայացուցչի պնդմամբ՝ բարձրաստիճան ոստիկանները Կիվիրյանին զրպարտել են ու վիրավորել:

«Արգիշտի Կիվիրյանին մեղսագրվել են որոշակի գործողություններ` որպես սադրիչ հանդես գալու վերաբերյալ, որը չի համապատասխանում իրականությանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արգիշտի Կիվիրյանի շահերի ներկայացուցիչը` Արամազդ Կիվիրյանը:

Արգիշտի Կիվիրյանը դեռ դրամական պահանջ չի ներկայացրել՝ նրա խոսքով իր նպատակը միայն անձնական արժանապատվության հարց լուծելը չէ. - «Նպատակն է` պատժել իրենց այդ արտահայտությունների համար, և նպատակ ունի ցույց տալ, որ իրենց ամեն մի արտահայտություն կունենա հետևանքներ, եթե ոչ Հայաստանի Հանրապետության դատական ատյաններում, ապա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»:

Հայցը ներկայացնելուց մինչև այսօր՝ շուրջ տասը ամիս, բարձրաստիճան ոստիկանները դիրքորոշում չէին ներկայացրել: Այսօր Վլադիմիր Գասպարյանի և Հունան Պողոսյանի ներկայացուցիչը դատարանում տրամադրեց իրենց առարկությունը՝ պնդելով, որ ոստիկանները ակտիվիստին նսեմացնելու կամ արատավորելու նպատակ չեն ունեցել:

«Կիվիրյաններ ու Սեֆիլյաններ հոգնակի թվով արված արտահայտությունները օգտագործվել են հավաքական իմաստով, այլ ոչ թե կոնկրետ անհատներին անձնավորելու նպատակով», - նշում էր ոստիկանների ներկայացուցիչը՝ շարունակելով․ - «Հունան Պողոսյանի կողմից արված արտահայտությունները թեև պարունակում են որոշ բացասական երանգ, չէին կարող հայցվորին հոգեկան տառապանք պատճառել»:

Ըստ բարձրաստիճան ոստիկանների ներկայացուցչի՝ «հայտարարություններն ունեցել են կանխարգելիչ բնույթ, ուղղվել են հավաքի մասնակիցներին՝ զերծ մնալու առանձին անձանց հնարավոր արկածախնդիր ազդեցությունից»:

Կիվիրյանը, ով հիմնականում ոստիկանների դեմ արդեն շուրջ մեկ տասնյակ գործերում է ներգրավված, պնդեց՝ թիրախ է դարձել իր հանրային ակտիվ գործունեության պատճառով:

«Վերջին տարիներին կարող եք նկատել, որ ես մշտապես հանդիսանում եմ ոստիկանության ապօրինի գործողությունների թիրախը: Իսկ կոնկրետ Բաղրամյանում ես, որպես բողոքի ակցիայի շարքային մասնակից, ընդամենը իրականացրել եմ իմ բողոքը, ոչ ավելին: Եվ այդ առումով անհիմն են իմ հասցեին ցանկացած նմանատիպ արտահայտություն», - նշեց նա:

Քաղաքացիական ակտիվիստի բողոքի քննությունը Կենտրոնի դատարանում կշարունակվի մայիսին:

XS
SM
MD
LG