Մատչելիության հղումներ

Էկոնոմիկայի նախարար․ Հայաստանը չի օգտվել ԵՏՄ առավելություններից


Արծվիկ Մինասյան, արխիվ

Արծվիկ Մինասյան, արխիվ

Թեև տնտեսական այդ միությանն անդամակցելուց առաջ իշխանությունները խոսում էին 170 միլիոնանոց շուկայի օգտակար հեռանկարների մասին, այժմ այլ բան են վկայում նույնիսկ պաշտոնական թվերը:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից ավելի քան մեկ տարի անց, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը խոստովանում է՝ երկիրը դեռ չի օգտվել միության առավելություններից:

«Տարբեր պատճառներ կան, սկսած նրանից, որ, այո, կար անպատրաստության տարր, ավարտված նրանով, որ ընթացակարգերի ոչ լիարժեք ընկալում կա նաև ռուսական կողմից, նաև էն մյուս կողմերից: Այսինքն, սա ոչ միայն միակողմանի է, նաև երկկողմանի խնդիրներ են եղել»,- պարզաբանեց նախարարը:

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Մինասյանը նաև ասաց՝ թեև անցած ժամանակահատվածում բազմաթիվ հարցեր կարգավորվել են, բայց շատ հարցեր էլ դեռ հստակեցման կարիք ունեն:

«Սկսած Հայաստանի բեռնափոխադրումների համար ստեղծված խոչընդոտներից, ավարտված հայկական ապրանքները արտահանող կազմակերպությունների համար ֆինանսական ապահովագրական արդյունավետ մեխանիզմ ձևավորելով: Այսինքն՝ սրանք այնքան շատ հարցեր են, որ բարդել մեկի վրա՝ առնվազն ոչ պրոֆեսիոնալ մոտեցում կլինի: Բայց որ մենք, ակնհայտ է՝ դեռ չենք իրացրել, չենք օգտվել էդ առավելություններից, սա փաստ է»,- շարունակեց Մինասյանը:

Նա հավելեց՝ Հայաստանը նաև չի կարողանում «մինչև վերջ օգտագործել» Եվրամիության GSP+ համակարգի ներուժը, որն առևտրային արտոնություններ է սահմանում զարգացող երկրների համար:

Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանը անդամակցում է նախորդ տարվա հունվարի 2-ից: Թեև անդամակցությունից առաջ հայաստանյան իշխանությունները շարունակ խոսում էին 170 միլիոնանոց միասնական շուկայի ներուժի և օգտակար հեռանկարների մասին (անգամ հնարավոր էին համարում, որ Երևանը կարող է կապող օղակ լինել Եվրամիության ու ԵՏՄ-ի միջև), այժմ այլ բան են վկայում նույնիսկ պաշտոնական թվերը:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, անդամակցության առաջին տարվանից հետո հայ-բելառուսական առևտուրը կրճատվել է 2 տոկոսով, հայ-ռուսականը՝ 18 տոկոսով, հայ-ղազախականը՝ 31.4 տոկոսով:

XS
SM
MD
LG