Մատչելիության հղումներ

Ինչ վերաբերում է ռուսական մամուլում եղած՝ կարգավորմանն առնչվող հրապարակումներին, ըստ Քոչարյանի, նման հոդվածների մեծամասնությունը հեռու է իրականությունից:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցից ժամեր առաջ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ ղարաբաղյան բանակցությունների սեղանին որևէ փաստաթուղթ չկա:

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի այցի նախօրեին մոսկովյան մի քանի ազդեցիկ պարբերականներ (Известия, Коммерсантъ, Независимая газета) հանդես եկան հրապարակումներով, որոնցում նշում են, թե Լավրովը Երևան է բերելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշակի ծրագիր: Անգամ, ընդհանուր գծերով ներկայացվում էր այդ ծրագիրը:

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներն այդ առնչությամբ հարցեր ուղղեցին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին: «Փաստաթուղթը Մադրիդն է, Կազանն է, բայց կոնկրետ այս պահին փաստաթուղթ չկա: Լավրովը գալիս է ոչ թե պատասխան ստանալու համար, այլ սա իր այցն է, որի ընթացքում քննարկվելու է հարաբերությունների լայն շրջանակ: Եվ բնական է՝ չի կարող շրջանցվել, այն էլ Ադրբեջանի այս վերջին ագրեսիայից հետո, իրավիճակը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ»,- պարզաբանեց փոխարտգործնախարարը:

Ռուսական մամուլում, մասնավորապես, Известия թերթում հրապարակված, այսպես կոչված՝ կարգավորման ռուսական ծրագրի առնչությամբ, նա ասաց՝ «Տարբեր թերթերում տարբեր հոդվածներ են հրապարակվում, որոնց մեծամասնությունը իրականությունից հեռու է»:

Շավարշ Քոչարյանի խոսքով՝ ղարաբաղյան բանակցություններում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել: «Ավելին ասեմ՝ ներկա իրավիճակում անհնարին է հաշվի չառնել Ադրբեջանի այն կեցվածքը, այն ագրեսիան, որը նա իրականացրեց՝ խախտելով արդեն առկա երեք եռակողմ համաձայնագրեր: Եվ բնական է՝ բանակցային արդեն ապագա գործընթացի համար, առաջին հերթին, պետք է երաշխավորված լինի կրակի դադարեցումը, որովհետև երբ կրակում են, անհնարին է բանակցել»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Ըստ նրա, շրջանառվում է նաև «հետաձգված հանրաքվեի» գաղափարը, որը միջնորդներն առաջարկել են, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները կարողանան փրկել իրենց դեմքը և ժամանակ ունենան իրենց ժողովրդին հանրաքվեի անհրաժեշտությունը հրամցնելու համար: «Բայց այս ժամանակահատվածը ցույց տվեց, որ Բաքուն ոչ թե օգտագործում է այդ ժամանակը՝ դեմքը փրկելու համար, ավելի ճիշտ՝ իր ժողովրդին բացատրելու համար դրա անխուսափելիությունը, այլ գործում է հակառակ ուղղությամբ: Սա արդեն ստիպում է այդ հարցում բանակցել այլ մոտեցումների շուրջ»,- լրագրողներին ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

XS
SM
MD
LG