Մատչելիության հղումներ

Ռիչարդ Կոզլարիչի խոսքով՝ քառօրյա պատերազմը դա ցույց տվեց:

Հայերն ու ադրբեջանցիները միմյանց հետ բանակցելու այլընտրանք չունեն, համոզված են Վաշինգտոնում: Փորձառու ամերիկյան դիվանագետ, իսկ այժմ ազդեցիկ փորձագետ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչի կարծիքով, ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի.

«Այս քառօրյա պատերազմը մեկ բան հաստատ ցույց տվեց, այն է, որ ռազմական գործողություններն այս խնդիրը չեն լուծի: Դրանց միջոցով հնարավոր է միայն մարդկային կյանքեր խլել, իսկ մենք ուղղակի չենք կարող դա թույլ տալ»:

Կոզլարիչի խոսքով, Միացյալ Նահանգներն առաջին իսկ օրվանից սատարել է խնդրի խաղաղ կարգավորումը, սակայն համաձայնության հասնելը հենց կողմերի գործն է.

«Չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները պետք է կամ կարող է որևէ տարբերակ պարտադրել»:

Ու թեև կարգավորման տարբերակներ ԱՄՆ-ը չի պարտադրում, հրադադարի ռեժիմն ու խաղաղության պահպանումը՝ հանուն մարդկանց կյանքերի փրկության, որոշ դեպքերում կարելի է ու անհրաժեշտ է պարտադրել.

«Որոշ պահի միգուցե կարիք լինի պարտադրել հրադադարի պահպանումը, պարտադրել խաղաղարար ուժերի ներկայությունը և ճնշում գործադրել կողմերի վրա, որպեսզի նրանք հանդիպեն և քննարկեն հնարավոր կարգավորման տարբերակները: Սակայն պետք է հիշել, որ նույնիսկ նման տարբերակները երկու կողմերից էլ քաղաքական փոխզիջում են պահանջելու»:

Փոխզիջման դեպքում, ըստ փորձագետի, կողմերից և ոչ մեկը չի հասնելու իր ընտրած նպատակին։ Այսպիսով, փոխզիջմամբ հակամարտությունը կարգավորելու համար բոլոր կողմերի ղեկավարներին անհրաժեշտ է աշխատել սեփական երկրների հասարակությունների հետ: Սակայն հակառակ սրան՝ նկատվում է հակամարտության հետագա սրացում:

«Չեմ կարծում, որ սա կարելի է հենց այնպես, հեշտությամբ անջատել ու միացնել: Իմ համոզմամբ, հրադադարի պահպանումը լուրջ աշխատանք է պահանջելու», - նշում է Կոզլարիչը:

Փորձագետի խոսքով, արդեն մեկ տարի է, ինչ ղարաբաղյան հակամարտությունը վտանգավոր ուղով է զարգանում և աստիճանաբար ավելի է սրվում: Ռիչարդ Կոզլարիչը նշում է, որ վերջին պատերազմը պետք է կարևոր ազդանշան լինի և՛ համաշխարհային հանրության, և՛ կողմերի առաջնորդների համար, որպեսզի իրավիճակը դուրս բերվի պատերազմական ուղուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG