Մատչելիության հղումներ

Հայաստանում էր ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խումբը


Հայաստանի և ՆԱՏՕ-ի դրոշները, արխիվ
Հայաստանի և ՆԱՏՕ-ի դրոշները, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև ամենամյա Անհատական գործընկերության համագործակցության ծրագրի շրջանակում ապրիլի 18-21-ը Երևանում էր Հյուսիսատլանտյան դաշինքի Բրունսումի համատեղ ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խումբը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի նպատակը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարաշտաբային դասընթացի ունկնդիրների համար օպերատիվ պլանավորման գործընթացի վերաբերյալ դասընթացի անցկացումն էր:

Միջոցառման ընթացքում Հայաստանի Զինված ուժերի օպերատիվ-մարտավարական օղակի ապագա հրամանատարներին և շտաբային սպաներին են ներկայացվել դասախոսություններ օպերատիվ միջավայրի համակողմանի վերլուծության և նախապատրաստման, իրավիճակի գնահատման, մարտական առաջադրանքի պարզաբանման, գործողության մտահղացման մշակման և օպերացիաների ուրվագծման և պլանավորման գործընթացների այլ փուլերի վերաբերյալ: Դասընթացի ավարտին ունկնդիրներին շնորհվել են հավաստագրեր:

Հայաստանի Զինված ուժերի օպերատիվ պլանավորման գործընթացը ռազմական և մարտական գործողությունների վարման ձևերի ու եղանակների ավելի լայն հասկացության բաղադրիչներից մեկն է, որը «Խելամիտ պաշտպանության» համակարգի ձևավորման շրջանակում ենթարկվում է վերափոխման՝ այդ թվում նաև միջազգային խորհրդատվության ներգրավմամբ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG