Մատչելիության հղումներ

Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ երկու տարվա մեջ առաջին անգամ


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ելույթ է ունենում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոյի հետ հանդիպումից հետո, Բրյուսել, 20-ը ապրիլի, 2016թ.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ելույթ է ունենում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոյի հետ հանդիպումից հետո, Բրյուսել, 20-ը ապրիլի, 2016թ.

Ղրիմը բռնակցելու՝ Ռուսաստանի գործողություններից հետո առաջին անգամ, այսօր Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստի ժամանակ հանդիպել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոյին:

Խորհրդի նիստից հետո Յենս Ստոլտենբերգը հայտարարել է. - «Մենք համաձայնության եկանք Մինսկի համաձայնագրի կետերն ամբողջությամբ կատարելու հարցի կապակցությամբ՝ ներառյալ ծանր տեխնիկան հետ քաշելու պայմանն ընդունելը և, անշուշտ, ԵԱՀԿ դիտարկումների հնարավորություններ տալը»:

«Եվ ես կարծում եմ, որ կարևոր է, որ համաձայնության ենք եկել: Դա միայն քննարկումների ժամանակ հայտարարելը չէ, այլև՝ կատարելը, և Ռուսաստանն ունի հատուկ պատասխանատվություն, քանի որ Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի արևելքում հովանավորել անջատականներին»,- պնդել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

«Ուկրաինայի արևելքում վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումների ավելացումը խորապես մտահոգիչ է»,- ընդգծել է Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ում ՌԴ դեսպան Ալեքսանդր Գրուշկոն զրուցում է լրագրողների հետ, Բրյուսել, 20-ը ապրիլի, 2016թ.

ՆԱՏՕ-ում ՌԴ դեսպան Ալեքսանդր Գրուշկոն զրուցում է լրագրողների հետ, Բրյուսել, 20-ը ապրիլի, 2016թ.

ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն լրագրողներին փոխանցել է. - «Մենք ամբողջությամբ սատարում ենք Մինսկի համաձայնագրով նախատեսված պարտավորություների կատարումը, բայց դրա համար կարիք ունենք, որ Կիևը կատարի իր գործը և իրականացնի, այսպես կոչված, քաղաքական փաթեթով նախատեսված բոլոր պարտավորությունները»:

Ստոլտենբերգը այսօրվա երկխոսությունը որակել է բաց, նշել է առաջիկայում ևս Ռուսաստանի ներկայացուցչի հետ հանդիպման հնարավորության մասին, սակայն ժամկետը չի հստակեցրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG