Մատչելիության հղումներ

Շարմազանովը Նարիշկինի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել «Ադրբեջանի ագրեսիայի» կապակցությամբ


ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով և ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկին, 20-ը ապրիլի, 2016թ․

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով և ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկին, 20-ը ապրիլի, 2016թ․

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 20-ին ՌԴ Պետդումայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:

Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող համաժողովին մասնակցելու համար և հույս հայտնել, որ այս ձևաչափով աշխատանքները շարունակական կլինեն:

Էդուարդ Շարմազանովն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր է գնահատել համաժողովի անցկացման գաղափարը՝ արժևորելով այն՝ որպես երկրների անվտանգության երաշխիքներից մեկը, որն արտահայտվում է խորհրդարանների երկխոսությամբ:

«ՀՀ ԱԺ փոխնախագահն իր խոսքում, մասնավորապես, նշել է, որ Ռուսաստանը՝ որպես ՀԱՊԿ-ի անդամ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, տեղյակ է տարածաշրջանային անվտանգության խնդիրներից: Մասնավորապես, որ Ադրբեջանի իշխանություններն ապրիլի սկզբում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով սանձազերծեցին ռազմական ագրեսիա՝ դրանով կոպտորեն խախտելով 1994 թվականին ստորագրված հրադադարի մասին համաձայնագիրը, որն Ադրբեջանը ստորագրել է ԼՂՀ-ի և ՀՀ-ի հետ:

Էդուարդ Շարմազանովը նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, պետք է Ադրբեջանին պարտադրեն վերադառնալ 1994 թվականին ստորագրված հրադադարի ռեժիմին, այլապես ադրբեջանական իշխանության ռազմական հանցանքները խլում են բազմաթիվ մարդկային կյանքեր՝ թե՛ զինվորականների, թե՛ քաղաքացիական անձանց, որոնց Ադրբեջանի զինված ուժերը ստորաբար սպանել են, ինչպես նաև երեխաների, որոնց սպանությունները հեռու են համամարդկային բոլոր կանոններից:

Դիմելով Սերգեյ Նարիշկինին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը ևս մեկ անգամ փաստել է, որ Արցախի ժողովուրդը պետք է լիարժեքորեն իրացնի ինքնորոշման և սեփական հայրենիքում անվտանգ, ազատ ու անկախ ապրելու իրավունքները: Ոչ ոք և ոչինչ երբեք չեն կարող Արցախի ժողովրդից խլել նշված հիմնական իրավունքները: Էդուարդ Շարմազանովը Պետական դումայի նախագահին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի ձեռագիրը, որն ամբողջությամբ կրկնում է աշխարհում հայտնի ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գործելաոճը:

Ի պատասխան ՀՀ ԱԺ փոխնախագահի ներկայացրած փաստերի՝ ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հայտնել է իր մտահոգությունը՝ նշելով, որ ապրիլի առաջին օրերին տեղի ունեցածը հրադադարի կնքումից հետո այդ ծավալի առաջին գործողություններն են, որոնք իրոք մտահոգիչ են: Սերգեյ Նարիշկինը նշել է, որ ռուսական պատվիրակությունը կմասնակցի ապրիլի 23-ին Երևանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովին»,- մասնավորապես, նշված է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG