Մատչելիության հղումներ

Երկարամյա հետախույզն ընդգծում է՝ շատ կարևոր է, որ մեր բանակն էլ «այդ անօդաչու սարքերից ձեռք բերի»:

Նախկին հետախույզ, 47-ամյա Գևորգ Ազոյանը ապրիլյան բախումների ընթացքում ադրբեջանական անօդաչու սարքի իրականացրած պայթյունի հետևանքով խորը այրվածքներ է ստացել: Ըստ բժիշկների, այրվել է նրա մարմնի 30 տոկոսը՝ դեմքը, ձեռքերը, ոտքերը, մեջքին ու գլխին բազմաթիվ բեկորային վնասվածքներ կան:

Գևորգը պատմում է՝ կամավորներից բաղկացած իրենց ջոկատն ապրիլի 3-ին Սիսիանից նոր էր հասել Թալիշ, հավաքատեղիներից մեկում էին, այնտեղից պետք է ուղևորվեին դիրքեր: Այդ վայրում իրենց հետ այլ զինծառայողներ էլ կային, երբ ադրբեջանցիները հեռակառավարվող անօդաչու սարքն ուղղել են իրենց վրա: Խորը այրվածքներ ստացած զինվորական թոշակառու փոխգնդապետը վերհիշում է՝ այդ պահին իր միակ խնդիրը տարածքում գտնվող երիտասարդ զինծառայողների կյանքը փրկելն էր, ասում է՝ վրան հագուստ էլ չէր մնացել, ամբողջն այրվել էր՝ «մի երկու երեխա կային, փորձել եմ մտցնել շենքի մեջ, մինչև փորձեցի անցնեմ էն կողմը, պայթավ: Իմ ամենամեծ ուրախությունս էդ էր, որ այդ երեխաները փրկվեցին»:

Զոհված ընկերների մասին հիշելիս 47-ամյա սպան արցունքները չկարողացավ զսպել, կինը կողքից հուշեց՝ ընկերների մասին չարժե խոսել: Հետախուզության համակարգում երկու տասնամյակ աշխատած փոխգնդապետը ընդգծում է՝ շատ կարևոր է, որ մեր բանակն էլ այդ անօդաչու սարքերից ձեռք բերի: Պատմում է՝ ադրբեջանցիները դրանցով նկարահանումներ էին իրականացնում, սարքն արձանագրում էր մարդկային կուտակումներն ու այդ տեղեկությունը հաղորդում հեռակառավարողին: Դրանից հետո հակառակորդը հարվածներ էր հասցնում նշված ուղղությամբ: Գևորգի խոսքով, ինքնաձիգ գրեթե չի օգտագործվել, հակառակորդը գործի է դրել ականանետերն ու հրետանին:

Ասում է՝ կարկուտի նման հրետակոծում էին, գլխին սաղավարտ է եղել, սակայն, դա էլ չի պաշտպանել բեկորային վնասվածքներից, վիրահատության ժամանակ գլխից նույնպես բեկորներ են հանել: Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ մինչև հարձակումը հնարավոր չի եղել նախանշել հակառակորդի զորքերի և զինտեխնիկայի տեղաշարժը, որպեսզի, ինչպես զինվորներն են հաճախ ասում, չենթարկվեին անակնկալ հարձակման, երկարամյա հետախույզն ասաց՝ շատ նրբություններ կան, որոնց մասին չի ցանկանում խոսել:

Բայց մի բան, այնուամենայնիվ, նշեց՝ բանակը պետք է զտվի: «Որոշ գենսաստավից, որոշ մամայի բալաներից, ովքեր իրենց ծանոթ-քեռի-բարեկամի հաշվին դարձել են գնդապետներ, բայց կյանքում շտաբից դուրս չեն եկել: Դրանք պետք է քոքից մաքրվեն, այո, հենց ղեկավար կազմից, արդեն լճացել ա, պետք է մաքրվի, զտվի: Բանակում պետք է լինեն մարտունակ տղաներ: Բերում են մի հատ ջահել տղա են դնում՝ էսինչ գեներալը քեռին ա, էսինչ վարչության պետի ախպոր տղեն ա, քավոր, սանիկ, դե բնական ա՝ տենց էլ պետք ա լինի՝ կյանքում նախարարությունից դուրս չի եկել, հեռախոսով հրաման ա տալիս ․․․ հլը մի հատ արի տես, ինչ հրաման տվել ես՝ արդյո՞ք դա բռնում ա էնտեղի աշխարհագրական դիրքին, կլինի-չի լինի․․․»,- ասում է նախկին զինվորականը:

Գևորգը հավելում է՝ ամենաշատը ցանկանում է, որ խաղաղություն լինի, սահմանը պահող երեխաները ողջ-առողջ վերադառնան իրենց տները: Զինվորականը զարմացած է, թե ինչ հերոսական սերունդ ունենք այսօր, այդ երեխաները մինչև վերջին շունչը պաշտպանել են իրենց դիրքերը՝ «ինչ դուխով տղերք են․․․»: Միևնույն ժամանակ, Գևորգն ընդգծում է՝ բանակում պետք է նաև հավասարություն լինի, հավասարապես ծառայեն բոլորի որդիները: Ասում է՝ իր մի եղբայրը ղարաբաղյան պատերազմում է զոհվել, Նիկոլ Դումանի Արջ Արմեն էին ասում, մյուս եղբոր որդին այսօր նույնպես սահմանում է: «Բանակ է գնում էլի նույն քյասիբը, գյուղացին․․․»:

Մեր այցելության պահին Գևորգին նոր էին վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ տեղափոխել: Նրան Ստեփանակերտից Երևանի Այրվածքաբանության կենտրոն ուղղաթիռով են հասցրել: Երևանում նա անվճար է բուժում ստանում: Հիվանդանոցի բժիշկները վստահեցրին, որ մինչև վերջ անվճար բուժում կիրականացվի:

Գևորգը 3 երեխա ունի, ավագ դուստրը 20 տարեկան է, որդին՝ 12, փոքր աղջիկը՝ 8 տարեկան: Նրանք Սիսիանում են, սպասում են ծնողների վերադարձին: Գևորգին խնամող կինը՝ Էլիկը չցանկացավ տեսանկարահանվել, ասաց՝ որևէ մեկից որևէ օգնություն չեն ուզում: Ամուսինն էլ խստիվ արգելել է դժգոհել կյանքից ու որևէ մեկից օգնություն խնդրել: Միակ ցանկությունն է, որ ամուսինը մշտական եկամուտով աշխատանք ունենա: Գևորգի 100 հազար դրամ զինվորական թոշակով և իր՝ մանկապարտեզի դայակի 32 հազար դրամ աշխատավարձով գրեթե անհնար է ապրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG