Մատչելիության հղումներ

Երևանը մերժում է ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի Բաքվի ֆորումն «իր ամբողջությամբ»


Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում
Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում

Հայաստանը համոզված է, որ «ստեղծված զարհուրելի իրավիճակում պետք է չեղարկվեր ֆորումի գումարումն Ադրբեջանում»:

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ մերժում է Բաքվում նախատեսվող ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի ֆորումն «իր ամբողջությամբ, ներառյալ՝ դրա արդյունքները»:

Հայտարարությունում, որն այսօր հրապարակել է Հայաստանի արտգործնախարարությունը, մասնավորապես, ասված է․ - «2016 թվականի ապրիլի 2-ի վաղ ժամերին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծեց լայնածավալ հարձակողական գործողություններ՝ այսպիսով խախտելով Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված` 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերը: Ադրբեջանը խախտեց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ԵԱՀԿ գագաթաժողովներին և նախարարական հանդիպումներին ընդունված որոշումները և հայտարարությունները՝ կոպտորեն արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիական Հանրապետության նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ արված հայտարարությունները»:

«Ադրբեջանական հարձակումների ամենասկզբից քաղաքացիական ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությունը, ներառյալ` երեխաները և ծերերը, դարձան Ադրբեջանի հարձակողական գործողությունների միտումնավոր և նպատակային թիրախներ: Քաղաքացիական բնակչության առաջին զոհերի շարքում էին «Գրադ» հրթիռային կայանքից հարվածի հետևանքով դպրոցի բակում զոհված 12-ամյա տղան, ինչպես նաև վիրավորված երկու այլ դպրոցականներ», - նշում է պաշտոնական Երևանը: - «Ղարաբաղի գյուղերից մեկում երեք տարեց անձինք, այդ թվում` 92-ամյա կինը, դաժանաբար խոշտանգվել, խեղվել և սպանվել են: Ավելին, Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի երեք գերեվարված զինվորներ Ադրբեջանի ԶՈւ կողմից գլխատվել են ԴԱԵՇ-ի ոճով. արարք, որն այնուհետև հրապարակայնացվել են սոցիալական ցանցերում, փառաբանվել քաղաքներում և գյուղերում: Բացի այդ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի միջև զոհերի մարմինների փոխանակման ընթացքում արձանագրվել է, որ ադրբեջանական կողմի փոխանցած զոհերի մարմինների վրա առկա են խոշտանգումների և խեղումների անհերքելի հետքեր»:

«Ադրբեջանի՝ քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերի սահմաններն անցնող բարբարոսական այս գործողությունները ուղղակիորեն ոտնահարում են միջազգային հիմնարար փաստաթղթերը, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիան, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան և այլն», - ասված է հայտարարությունում:

Պաշտոնական Երևանը շեշտում է նաև, որ «Ադրբեջանը ցուցադրում է իր լիակատար արհամարհանքը մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ»: «Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումները, անընդմեջ բռնաճնշումները քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների, իրավապաշտպանների հանդեպ, նրանց ձերբակալումները, որոնք զուգորդվում են հայ ժողովրդի նկատմամբ անհանդուրժողականության և ատելության քարոզով, ինչը պարարտ հող է ստեղծում Ադրբեջանի ռեժիմի կողմից հանցավոր ռազմական արկածախնդրության համար», - ասված է հայտարարությունում:

«ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումին նախորդող օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը՝ հանգեցնելով նոր մարդկային կորուստների: Ադրբեջանի կողմից ագրեսիայի սանձազերծումից մինչ օրս ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում», - հայտնում է պաշտոնական Երևանը՝ շեշտելով․ - «Այս ամենը հակասում է առավել խաղաղ և սոցիալապես ներառուն աշխարհ ստեղծելուն, տարբեր մշակութային և կրոնական ինքնություն ունեցող ժողովուրդների միջև փոխադարձ հարգանք կառուցելու ֆորումի նպատակներին, որն անցկացվում է այնպիսի մի երկրում, որի իշխանություններն իրականացնում են բարբարոսություն և սպանություններ Ֆորումի վայրից ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա: Սա անարգանք է Դաշինքի հեղինակության նկատմամբ»:

Հայաստանը համոզված է, որ «ստեղծված զարհուրելի իրավիճակում պետք է չեղարկվեր Յոթերորդ ֆորումի գումարումն Ադրբեջանում` մի երկրում, որը կոպտորեն խախտում է հենց Քաղաքակրթությունների դաշինքի նպատակները, սկզբունքներն ու արժեքահամակարգը»:

«Հայաստանը, հավատարիմ լինելով Դաշինքի նպատակներին, շարունակում է մնալ վերջինիս բարեկամը: Սակայն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայաստանը չի միանում ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի հռչակագրի վերաբերյալ կոնսենսուսին: Ուստի կոնսենսուսի բացակայության պայմաններում հռչակագիրը չի կարող ընդունվել: Հայաստանը մերժում է Բաքվում անցկացվող Յոթերորդ ֆորումն իր ամբողջությամբ, ներառյալ՝ դրա արդյունքները», - ասված է հայտարարությունում:

Հաղորդվում է նաև, որ հայտարարության տեքստը երեկ ուղարկվել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի անդամ երկրներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG