Մատչելիության հղումներ

ԱԺ հանձնաժողովում ՎՊ-ի հաշվետվության քննարկումն անցավ բուռն մթնոլորտում


Կառուցվող Հյուսիս - Հարավ ճանապարհի մի հատված, արխիվ

Կառուցվող Հյուսիս - Հարավ ճանապարհի մի հատված, արխիվ

Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային հանձնաժողովում 2015 թվականի հաշվետվությունը դարձյալ քննարկվեց Վերահսկիչ պալատի (ՎՊ) նախագահ Իշխան Զաքարյանի բացակայությամբ:

Զաքարյանի նորանշանակ տեղակալ Արա Նռանյանն էր ներկայացնում, թե ինչպես են անցյալ տարի ծախսվել պետական և վարկային միջոցները:

Խախտումներ հայտնաբերել են գրեթե բոլոր ոլորտներում, որտեղ ստուգումներ են իրականացրել: Օրինակ, Արագածոտնի և Կոտայքի սոցիալական ծառայություններում, Նռանյանի ներկայացմամբ, 106 միլիոն դրամի խախտում են հայտնաբերել․ - «Պարզվում է, որ քաղաքի ամենալավ առանձնատունն ունեցողը նպաստառուների ցանկում է և նպաստ է ստանում»:

Ըստ հաշվետվության, պետական միջոցները վատնվում են նաև գյուղատնտեսության ոլորտում: Ընդհանուր առմամբ 13.5 միլիոն դոլարի ծրագիրը, որի նպատակն էր հայկական մրգի արտադրությունը զարգացնել, Վերահսկիչ պալատը տապալված է համարում: «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը ինքը գնահատում է այդ ծրագիրը ձախողված: Ոորվհետև այն նպատակները, որոնք մենք դրել էինք, չիրականացան», - փոխանցեց Նռանյանը:

Վերահսկիչ պալատը ստուգել է նաև, թե որքանով են արդյունավետ գյուղատնտեսությանն աջակցելու նպատակով անցկացված սեմինարները․ - «Օրինակ, տարիքով պապիկներ են, որոնք տեղաշարժվելու խնդիր ունեն, պարզվում է՝ մի քանի տեղ դասախոսություն են կարդում: Պարզվում է, որ դասախոսությունները լսում են միևնույն մարդիկ, ցանկերում մեռած մարդիկ են գրված»:

Ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը չարաշահումների մասին վերլուծությունից հետո նկատեց, թե Վերահսկիչ պալատը սկսել է մանր թեմաների մասին խոսել, իսկ ամենախոշոր խնդիրները շրջանցվում են: Դրանցից մեկը Հյուսիս - Հարավ ճանապարհն է․ - «Մի քանի օբշչակ ա առաջացել, որտեղ հսկայական գումարներ պարզապես անհասկանալի ձևով են ծախսվում: Մեր ունեցած տեղեկությամբ, ինչպիսին կարող է ունենալ ընդդիմադիր պատգամավորը, այդ ճանապարհի համար վերցված է մեկ միլիարդ դոլարի վարկ: Պլյուս դրան, ճանապարհը շրջանցելու համար ևս հարյուր երեսուն քանի միլիոն էր կարծեմ, Երևան քաղաքն է վերցրել: Պահանջված տրասսայի փոխարեն մենք ունենք այսօր 60-80 կիլոմետր, այն էլ ճանապարհի հատվածներ են, որոնք առանց այդ էլ վատը չէին»:

Բագրատյանը խնդրեց հաշվի առնել իր առաջարկը և ընթացիկ ծրագրի մեջ արտահերթ ներառել նաև Հյուսիս - Հարավ ճանապարհի ստուգումը:

Արա Նռանյանն արձագանքեց․ - «Ես կփոխանցեմ պարոն Բագրատյանի առաջարկությունը Վերահսկիչ պալատի խորհրդի անդամներին»:

Քննարկումը թեժացավ, երբ Բագրատյանը Վերահսկիչ պալատի փոխնախագահին առաջարկեց նաև ստուգել, թե ինչպես են ձևավորվում գազի և էլեկտրաէներգիայի գները Հայաստանում, և ինչու է մաքսայինը շարունակում կիրառել իր «հսկիչ գները»: Հանձնաժողովի անդամ պատգամավորները միջամտեցին, թե դա Վերահսկիչ պալատի գործառույթների մեջ չի մտնում:

Այդպես էլ պարզ չդարձավ, թե որքան է կազմել 2015 թվականին Վերահսկիչ պալատի բացահայտած խախտումների ընդհանուր գումարը: Պալատը խուսափում է ընդհանուր թիվ ներկայացնել այն բանից հետո, երբ երեք տարի առաջ Իշխան Զաքարյանը հրապարակեց ընդհանուր թիվը՝ 700 մլն դոլար: Սակայն աղմկոտ այդ ելույթից հետո Զաքարյանն արժանացավ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիմանությանը՝ քաղաքական գնահատականներ տալու համար:

XS
SM
MD
LG