Մատչելիության հղումներ

ՀԱԿ և ՕԵԿ խմբակցությունները շարունակելու են ԸՕ նախագծի արմատական բարեփոխմանն ուղղված ջանքերը


Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես և «Օրինաց երկիր» խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասել են. - «Իշխանության ջանքերով չկայացավ երկրի ու հասարակության համար այդքան անհրաժեշտ կոնսենսուսը` ընտրական գործընթացը ազատ, արդար ու թափանցիկ դարձնելու, ընտրական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը վերականգնելու համար: Ուստի լայն կոնսենսուսի բացակայությամբ ընդունվելիք Ընտրական օրենսգիրքն ավելի է խորացնելու իշխանության և ժողովրդի միջև առկա անջրպետը»։

Խմբակցությունները, վկայակոչելով ապրիլի 17-ի ՏԻՄ ընտրությունները, համոզմունք են հայտնել, որ «ընտրական արատավոր ավանդույթները շարունակվում են»:

«Մենք շարունակելու ենք Ընտրական օրենսգրքի նախագծի արմատական բարեփոխմանն ուղղված մեր ջանքերը` դա դիտելով Հայաստանի ժողովրդավարացման, ներքին կայունության ապահովման կարևորագույն միջոց: Իշխանությունները պետք է գիտակցեն, որ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն հանրային վստահության պայմաններում: Իսկ դրան հասնելու լավագույն ճանապարհը ներքին կյանքում և մասնավորապես ընտրական համակարգում արմատական բարեփոխումներն են և ընտրակեղծարարության համակարգի իսպառ կազմալուծումը», - ասված է հայտարարությունում:

Նշնք, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխման նպատակով ձևավորված 4+4+4 ձևաչափի բանակցություններն ավարտվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG