Մատչելիության հղումներ

Լավրովը Երևանում կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը։

Այսօր Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն, ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը, ընդունել է երկրում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Թեֆթին։ Հանդիպումը կայացել է վերջինիս խնդրանքով։

Հանդիպմանը քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության հարցերը, այդ թվում՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ։

Ռուսաստանի փոխարտգործնախարարը և ԱՄՆ-ի դեսպանն անդրադարձել են նաև Ուկրաինայի ճգնաժամին և Մոլդովայի ու Վրաստանի իրավիճակին։

Մեկ այլ՝ բավականին լայնածավալ հաղորդագրությունում Ռուսաստանի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին երկօրյա պաշտոնական այցով Երևան է ժամանելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նա հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, բանակցություններ է վարելու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ինչպես նաև Ծիծեռնակաբերդում ծաղկեպսակ է դնելու` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ըստ հաղորդագրության, Լավրովը հայ գործընկերների հետ քննարկելու է երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Հատուկ ուշադրություն է դարձվելու Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը՝ հաշվի առնելով վերջին շրջանում հակամարտության գոտում իրավիճակի սրացումը։

Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, Ռուսաստանը և Հայաստանը միութենական գործընկերության հարաբերություններով են կապված, թվարկված են երկու երկրների միջև ստորագրված համագործակցության հիմնական պայմանագրերը, համաձայնագրերը՝ սկսած անցյալ դարի վերջերից։ Հիշատակված են բարձրաստիճան պաշտոնյաների վերջին շրջանի այցելությունները, չի մոռացվել Ռուսաստանի նախագահի անցյալ տարվա ապրիլի 24-ի այցը Հայաստան, Պուտինի մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։ Հիշատակված են երկու երկրների վարչապետների, խորհրդարանների նախագահների, արտգործնախարարների այցերը, հանդիպումները, ստորագրված փաստաթղթերը։

Դրական է գնահատվում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը, Հայաստանին տրամադրված վարկերը, Հայաստանում ռուսական խոշոր ընկերությունների ներկայությունը, ռուսական խոշոր կապիտալը։

«Հայաստանում ռուսական կապիտալով աշխատող 1300 ընկերություն կա, իսկ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2015 թվականին մնացել է նախորդ տարվա մակարդակին՝ ավելի քան 1 միլիարդ 240 միլիոն դոլար, ռուսական ներդրումները Հայաստանում կազմում են 4 միլիարդ 100 միլիոն դոլար, ինչը կազմում է Հայաստանում օտարերկրյա ներդրումների 40 տոկոսը», - նշված է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG