Մատչելիության հղումներ

Լեյլա Յունուս․ «Երախտապարտ եմ Նիդերլանդներին»


Նիդերլանդներ - Լեյլա, Արիֆ և Դինարա Յունուսները Ամստերդամում, 19-ը ապրիլի, 2016թ․

Նիդերլանդներ - Լեյլա, Արիֆ և Դինարա Յունուսները Ամստերդամում, 19-ը ապրիլի, 2016թ․

Ըստ պաշտոնական վարկածի՝ շուրջ մեկուկես տարի բանտում անցկացրած ադրբեջանցի իրավապաշտպանները Ամստերդամ են ժամանել նախևառաջ բուժման նպատակով:

«Երախտապարտ եմ Նիդերլանդներին». - սրանք էին ադրբեջանցի ամենահայտնի իրավապաշտպաններից մեկի` Լեյլա Յունուսի առաջին խոսքերը Ամստերդամի Shipchol օդանավակայան ժամանելուց անմիջապես հետո:

Լեյլա և Արիֆ Յունուսները Նիդերլանդների մայրաքաղաք ժամանեցին երեկ` այն բանից հետո, երբ Ադրբեջանի կառավարությունը թույլատրեց նրանց լքել երկրի սահմանները: Ամստերդամի օդանավակայում Լեյլա և Արիֆ Յունուսներին դիմավորում էր նրանց դուստրը` Դինարան:

«Երախտապարտ եմ Նիդերանդներին: Այս երկիրը իմ դստեր երկրորդ հայրենիքն է: Հինգ տարի առաջ Բաքվում մնալը իմ դստեր համար վտանգավոր էր, քանի որ ես սկսել էի հետաքննել թրաֆիքինգում ադրբեջանական ոստիկանության ներգրավվածության մասին վկայող փաստերը: Այն ժամանակ դուստրս տեղափոխվեց Նիդերլանդներ, և երբ մեզ Ադրբեջանում ձերբակալեցին, նա այստեղ միայնակ չէր: Դա է պատճառը, որ ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Նիդերլանդների կառավարությանն ու ժողովրդին», - նշում էր Լեյլա Յունուսը այդ երկրի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Պաշտոնական վարկածի համաձայն՝ շուրջ մեկուկես տարի բանտում անցկացրած ադրբեջանցի իրավապաշտպանները Ամստերդամ են ժամանել նախևառաջ բուժման նպատակով: Այն, որ նրանց առողջական վիճակը բարվոք չէ, պարզ դարձավ Նիդերլանդներ ժամանելու առաջին իսկ րոպեներից: Այն պահին, երբ Լեյլա Յունուսը հարցազրույց էր տալիս հոլանդական հեռուստատեսությանը, նրա ամուսնու ինքնազգացողությունը կրկին վատթարացավ, միայն ուղեկցող անձանց միջամտության շնորհիվ էր, որ Արիֆ Յունուսը ոտքի վրա մնաց:

Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բերտ Կունդերսի խոսքով՝ Յունուսների ժամանումը Ամստերդամ պաշտոնական Բաքվի հետ անցկացված փակ քննարկումների արդյունք էր:

«Դա շատ լավ է, որ այս մարդիկ կարող են հանգստանալ Ադրբեջանում մարդու իրավունքների բարելավմանն ուղղված իրենց երկարատև պայքարից հետո: Յունուսների ընտանիքի ճակատագիրը վկայում է, որ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի` արդարության հաղթանակին հասնելու համար: Այս դեպքում ևս «լուռ դիվանագիտությունը» հստակ արդյունքների հանգեցրեց», - հայտարարեց Նիդերլանդների արտգործնախարարը:

XS
SM
MD
LG