Մատչելիության հղումներ

Պոեզիայի գծով Պուլիտցերյան մրցանակը շնորհվեց Փիթեր Բալաքյանին


Փիթեր Բալաքյանը Հայաստանի գրողների միությունում: 16-ը դեկտեմբերի, 2010 թ.

Փիթեր Բալաքյանը Հայաստանի գրողների միությունում: 16-ը դեկտեմբերի, 2010 թ.

Ամերիկահայ հանրահայտ գրողը, գրականագետն ու պատմաբանը հեղինակավոր այս մրցանակին արժանացել է «Օզոնային օրագիր» բանաստեղծական ժողովածուի համար:

Մրցանակակիր ժողովածուում տեղ են գտել Բալաքյանի այն գործերը, որոնք ծնվել են 2009 թվականին դեպի Դեր Զոր կատարած ճամփորդությունից հետո: Սրանք բանաստեղծություններ են, որոնք, ինչպես նշված է մրցանակաբաշխության կայքէջում, «վկայում են վտանգավոր ու անորոշ դարի հիմքում ընկած մեծ կորուստների ու ողբերգության մասին»:

«Օզոնային օրագիր» ժողովածուի մեջ ընդգրկված բանաստեղծությունների մի մասը հրատարակվել էր դեռ տարիներ առաջ․ նախ ԱՄՆ-ում, ապա՝ թարգմանաբար առանձին գրքով նաև հայերեն՝ «Լույսի տխուր օրեր» խորագրի ներքո (Արտեմ Հարությունյանի թարգմանությամբ):

2010 թվականին Երևանում իր գրքի հայերեն ժողովածուի շնորհանդեսի ժամանակ Փիթեր Բալաքյանը շեշտում էր, որ անչափ ազդված էր սիրիական անապատում տեսած մարդկային ոսկորներից, որոնք իր նախնիներին էին պատկանում, և հենց այդ ժամանակ իր հանրահայտ գործին՝ «Ճակատագրի սև շունը» խորագրով ինքնակենսագրական վեպին վճռել է հավելել ևս երկու գլուխ՝ նվիրված Դեր Զորին:

Փիթեր Բալաքյանը ավելի քան 8 գրքի հեղինակ է, մի շարք մրցանակների է արժանացել: Նրա «Այրվող Տիգրիս․ Հայոց ցեղասպանությունը և Ամերիկայի արձագանքը» ստվարածավալ՝ 1000 էջանոց փաստավավերագրական աշխատությունը 2003 թվականին The New York Times-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն գիրք:

Հայաստանում նրա անունը ճանաչելի դարձավ 2004 թվականից, երբ Արտեմ Հարությունյանի թարգմանությամբ հայերեն լույս տեսավ Հայոց ցեղասպանությանը նվիրված նրա վեպը՝ «Ճակատագրի սև շունը» գիրքը, որն այստեղ ճանաչվեց տարվա լավագույն գիրք:

Բալաքյանը մի քանի անգամ այցելել է Հայաստան, վերջին անգամ՝ անցյալ տարի Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ:

Պուլիտցերյան մրցանակը Փիթեր Բալաքյանին հանձնվեց երեկ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ:

XS
SM
MD
LG