Մատչելիության հղումներ

Երկու շաբաթից ավելի Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի առջև գիշերներ լուսացնող վիրավոր զինծառայողների մայրերը բժիշկներից մեկ բան են ուզում լսել՝ որ իրենց որդիների կյանքին այլևս վտանգ չի սպառնում:

Վերակենդանացման բաժանմունքում գտնվող 4 զինծառայողների վիճակը դեռ ծայրահեղ ծանր է գնահատվում:

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրազենային վիրավորումից պայմանագրային զինծառայող, 27-ամյա Էրիկ Բաբայանի գրեթե բոլոր օրգանները վնասվել են: Մայրը՝ Ալվինա Կարապետյանը, ասում է, որ Մարտակերտում ու Թալիշում գրեթե բոլորն են զինվորական, դա է միակ հիմնական աշխատանքը․ - «Ինքը գնաց սովորեց, սերժանտ ա․․․ ընտանիքը պահի, միակ կերակրողն ա»:

Հարցազրույցի պահին տիկին Ալվինայի որդուն տարան հերթական վիրահատության:

Ծայրահեղ ծանր է նաև Մատաղիսում վիրավորված 18-ամյա Արման Լազգյանի վիճակը: Արմանը Ղարաբաղից զանգահարել է ծնողներին ու խնդրել, որ Երևանում տեսակցեն անդամահատված ոտքով իր վիրավոր ընկերոջը: Մայրը՝ Գրետա Մովսիսյանը պատմում է, որ չհասցրեցին որդու խնդրանքը կատարել․ դեռ տանից դուրս չեկած տեղեկացել են, որ իրենց որդին նույնպես վիրավորվել է․ - «Եկան, ասացին, որ Արմանին էլ են բերել վերտալյոտով․․․ Էս տասնմեկ օր ա, բոլորս միասին մենակ աղոթում ենք, որ էրեխեքը շուտ ապաքինվեն: Ես անձամբ հավատում եմ, որ պիտի ոտքի կանգնեն»:

Տնտեսագիտական համալսարանում ուսումը կիսատ թողած ժամկետային զինծառայող, 19-ամյա Անդրեյ Վարդումյանի հինգ հոգանոց ընտանիքում միայն հայրն է աշխատում, ով որդու հետ կատարվածի մասին լսելով՝ վերադարձել է արտագնա աշխատանքից:

Անդրեյը վիրավորվել է ապրիլի 3-ին առաջնագծում: Մանրամասներ չի հիշում, բայց չի մոռանում բժիշկների խոսքերը՝ գնդակը կոնքից մտել, մեջքից դուրս է եկել․ - «Դեռ մտածում եմ մենակ քայլելու մասին: Մի քիչ դժվարանում եմ, բայց ոտքերս լավ չեմ զգում: Բայց բժիշկներն ասում են, որ հաստատ քայլելու եմ»:

Ղարաբաղցի Արթուր Արզանգուլյանը որպես կամավոր է «Եղնիկներ» կոչվող զորամաս մեկնել: 7 հոգանոց ընտանիքի միակ կերակրողն է, ասում է, որ մշտական աշխատանք չի ունեցել: Առաջնագծում ձեռքի, ուսի ու թոքի հրազենային վիրավորում ստացած Արթուրը հետո է իմացել, որ դիրքերում այդ պահին կողքին կանգնած ընկերը մահացել է: Առաջնագիծ մեկնած Արթուրին հետ չեն պահել Պաշտպանության բանակի կոչերը, թե նոր կամավորների կարիք չկա․ - «Մեկ ա, որ պետք լինի, գնալու ենք, որովհետև հետևումս ծնողներս են ու երեխեքս»:

Նրա խոսքով՝ դիրքերում զինվորները տեղյակ են, որ հակառակորդի զինտեխնիկան ավելի արդիական է, բայց դա չի ազդում իրենց մարտական ոգու վրա․ - «Զենքը կապ չունի, կարևորը դուխն ա: Մեզ հերիք ա, որ դաժե մեր 18 տարեկան տղեքը շատ լավ դուխով են եղել․․. Հզոր տղեք ունենք»:

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլին սկսված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված 125 զինծառայողներից 45-ը կենտրոնական կլինիկական հոսպիտալում են բուժում ստանում, 18-ը՝ Երևանի այլ հիվանդանոցներում: Ծայրահեղ ծանր է գնահատվել նրանցից 5-ի վիճակը: 4 օր առաջ հայտարարված այս տվյալները ՊՆ-ն դեռ չի թարմացրել:

XS
SM
MD
LG