Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովի նախագահը հորդորել է Ադրբեջանին դադարեցնել կրակը


Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկեր

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկեր

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ժամանակ Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևայի հարցին ի պատասխան Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել կրակը:

«Գանիրա Փաշաևան և նրա համախոհները նույն, շատ ծանր վիճակում են: Նույն ելույթը սկսվեց՝ մեկ միլիոն փախստական, օկուպացիա և այլն՝ ակնկալելով Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի աջակցությունը «ճնշված» Ադրբեջանին: Առաջին անգամ, կարող եմ ասել, որ շատ հստակ և շատ հասցեական էր Եվրոպական հանձնաժողովի նախագահի պատասխանը: Հիմա ես չգիտեմ՝ ի՞նչ մեկնաբանություն կտա դրան Ադրբեջանը, բայց Յունկերի պատասխանը հստակ էր Փաշաևային՝ «դադարեցրե՛ք կռիվը և հարգե՛ք հրադադարը»։ Յունկերի պատասխանից հետո ողջ դահլիճը սկսեց ծափահարել», - «Ազատության»-ը փոխանցեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը։

Այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր հերթին հիշեցրել է, որ չորս օր տևած պատերազմը լուրջ կորուստների պատճառ դարձավ՝ հակամարտության գոտում երկու կողմերը կրեցին կորուստներ:

«Փնտրելով հակամարտության կարգավորման ռազմական լուծում՝ Ադրբեջանը ևս մեկ անգամ ի ցույց դրեց իր ծայրահեղ անհարգալից վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ», - հայտարարել է Զուրաբյանը։

Հիշատակելով օրինական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի անկախացման քայլերը՝ ներառյալ խորհրդարանի 1988 թվականի որոշումը, 1991 թվականի անկախության հանրաքվեն, Զուրաբյանը հարցրել է, թե ի՞նչ նպատակ էին հետապնդում էթնիկ ջարդերի, զտումների և ռազմական գործողությունների միջոցով ինքնորոշումը ճնշելու՝ Ադրբեջանի ջանքերը։

«Միջազգային հանրությունը պետք է երաշխավորի, որ Ադրբեջանը հարգում է միջազգային պահանջների հիմնական սկզբունքներից մեկը՝ այն է՝ հակամարտության կարգավորման համար հրաժարվել ուժի կիրառումից», - ասել է Զուրաբյանը:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից քաղաքացիական անձանց սպանությունների դեպքերին։

Ֆարմանյանի խոսքով, Ադրբեջանը դիմում է ագրեսիվ գոծողությունների՝ խախտելով միջազգային իրավունքի նորմերը։

Նա առանձնացրել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանի սպանությունը, դպրոցի բակում վիրավորված երկու երեխաների դեպքերը, Վալերի և Ռազմելա Խալափյանների սպանությունները, նրանց ականջները կտրելու դեպքը։ Ներկայացնելով Հայկա անունով 104-ամյա կնոջ տառապանքները՝ Ֆարմանյանն ընդգծել է, որ այդ կինը 6 տարով ավելի մեծ է, քան Ադրբեջանը որպես երկիր:

XS
SM
MD
LG