Մատչելիության հղումներ

Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող կինը մեղքը մասնակի է ընդունում


Սիրուշ Հովհաննիսյանը Անուշ Մկրտչյանից պահանջում է դադարեցնել նկարահանումը, 6-ը դեկտեմբերի, 2015թ.
Սիրուշ Հովհաննիսյանը Անուշ Մկրտչյանից պահանջում է դադարեցնել նկարահանումը, 6-ը դեկտեմբերի, 2015թ.

Սիրուշ Հովհաննիսյանն այսօր դատարանում հայտարարեց, թե «Ազատության» լրագրողների նկատմամբ ինքը բռնություն չի կիրառել։

Սահմանադրական հանրաքվեի օրը «Ազատության» լրագրողի և օպերատորի աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող Սիրուշ Հովհաննիսյանն այսօր դատարանում հայտարարեց, թե մեղքը մասնակի է ընդունում։

50-ամյա կինը պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո հայտարարեց, թե լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքը չի ընդունում․ - «Չեմ քաշքշել: Անուշ Մկրտչյանը հարվածեց ինձ, ես էլ զայրացա ու թքեցի վրեն։ Բռնություն գործադրելու մասով ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»։

Ըստ մեղադրանքի, Հովհաննիսյանը, բռնություն գործադրելով, դիտավորյալ խոչընդոտել է «Ազատության» լրագրողի և օպերատորի լիազորությունների իրականացմանը, հրել և քաշքշել լրագրող Անուշ Մկրտչյանին ու թքել է վերջինիս վրա։

Ավելի վաղ Հովհաննիսյանը «Ազատության»-ն ասել էր, թե այդ օրն ինքը պաշտպանում էր «Այո»-ի կողմնակիցներին ու չէր ուզում, որ լրագրողները նկարահանումներ կատարեն շտաբի դիմաց, որտեղ սենդվիչներ էին բաժանում մարդկանց։

«Քաղաքապետի համար էի անում, Տարոն Մարգարյանի», - «Ազատության»-ն ասել էր Հովհաննիսյանը։

Ճշտող հարցին, թե Տարոն Մարգարյա՞նն էր իրեն այնտեղ ուղարկել, կինը պատասխանել էր. - «Ոչ, ինձ ոչ ոք չի ուղարկել։ Ես եմ այնտեղ գնացել»։

Այսօր արդեն Հովհաննիսյանն ասաց, որ շտաբ էր մտել բուտերբրոդների համար, չի աշխատում, նպաստով է ապրում ու առանց կողմնակի օգնության երեխաներին պահել չի կարողանում։

«Նպաստով, թոշակով, պաշտոնավոր մարդկանց օգնությամբ ես իմ երեխեքի գոյությունը պաշտպանում եմ։ Պարտքով ուտելիք եմ վերցնում խանութներից, պաշտոնավոր մարդիկ ինձ օգնում են, ես իմ պարտքերը փակում եմ։ Ավանի դեպուտատն է օգնում՝ Ռոբերտ Սարգսյանը, Մարգարյանի աներձագը, ինձ օգնում է ամեն ամիս, քաղաքապետն էլ է օգնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը՝ պնդելով, որ հանրաքվեի օրը իրեն փող չեն տվել։

Այսօր ամբաստանյալը նաև ասաց, որ Անուշ Մկրտչյանը խոսափողով հարվածել է իր շրթունքին, ինքն էլ ի պատասխան՝ թքել է։ «Ո՛չ քաշքշել եմ, ո՛չ էլ բռնություն եմ կիրառել։ Անուշ Մկրտչյանը, որ խփեց պռոշիս, ուռեց, ես էլ զայրացա ու թքեցի վրեն», - ասաց Հովհաննիսյանը։

Անուշ Մկրտչյանը պնդում է, որ ինքը չի հարվածել Հովհաննիսյանին, և որ դեկտեմբերի 6-ին ուղիղ հեռարձակված տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքը փորձում պաշտպանվել իրեն քաշքշող կնոջից։

Հաջորդ դատական նիստը մայիսի 2-ին է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG