Մատչելիության հղումներ

Շարմազանովը Մոսկվայում խոսել է Թուրքիայի «հանցագործ դիրքորոշման» մասին


ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր Մոսկվայում մասնակցել է «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող Եվրասիայի երկրների խորհրդարանների ղեկավարների առաջին համաժողովին:

Ազգային ժողովի փոխնախագահի աշխատակազմի փոխանցմամբ, Շարմազանովը իր ելույթում, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա, որտեղ, նշել է նա, «ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական կողմը շփման գծի ողջ երկայնքով իրականացրեց լայնածավալ սադրիչ ռազմական գործողություններ՝ կիրառելով սպառազինությունների ողջ համալիրը, այդ թվում՝ արգելված ռազմատեխնիկա, որոնք հանգեցրին բազմաթիվ զոհերի նաև խաղաղ բնակչության շրջանում»:

«Նման հանցագործ սադրանքը ցույց է տալիս, որ Ադրբեջանն իրեն դուրս է դնում միջազգային իրավունքից, մերժում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների, ինչպես նաև միջազգային հանրության՝ ուժի չկիրառմանը և վստահության ամրապնդման միջոցներին ուղղված կոչերը: Հենց Ադրբեջանը՝ որպես այս լարվածության աճի նախաձեռնող, կրում է իրադրության սրման ողջ պատասխանատվությունը: Այստեղ ծայրահեղ վտանգավոր է Թուրքիայի միակողմանի, հանցագործ դիրքորոշումը, որը բացահայտորեն պաշտպանում և քաջալերում է նման անմարդկային գործողությունները: Այս ամենը ցույց է տալիս, որ Թուրքիան ևս շարունակում է մնալ սպառնալիքներից մեկը տարածաշրջանային կայունության համար», - հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը:

«Ենթադրում ենք, որ մեր գործընկերներն իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական կարգավորման դեմ: Հարկավոր է գիտակցել, որ ԼՂ ժողովուրդը նույնպիսի իրավունք ունի ապրել խաղաղ, ազատ և անկախ, ինչպես Եվրասիական տարածաշրջանի պետությունների քաղաքացիները: Այսպիսով, Ադրբեջանի ագրեսիային Արցախի ժողովուրդը պատասխանեց՝ No pasaran», - ասել է Շարմազանովը՝ համոզմունք հայտնելով, որ «միջազգային հանրությունը պետք է համախմբի ջանքերը՝ ահաբեկչությունն ու դրանից ծնված հանգամանքներն արմատախիլ անելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG