Մատչելիության հղումներ

Միջազգային մամուլը՝ Ստեփանակերտի առօրյա կյանքի, ռուսական դիվանագիտության և Բաքվի ու Երևանի միջև տեղեկատվական պատերազմի մասին


Լեռնային Ղարաբաղ - Պաշտպանության բանակի հրետանային ստորաբաժանումը Մարտակերտի մոտ, 3-ը ապրիլի, 2016թ․
Լեռնային Ղարաբաղ - Պաշտպանության բանակի հրետանային ստորաբաժանումը Մարտակերտի մոտ, 3-ը ապրիլի, 2016թ․

Արևմտյան մամուլը շարունակում է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղում ծավալված իրադարձություններին:

Քառօրյա պատերազմը լուսաբանած The New York Times-ի թղթակից Էնդրյու Քրամերը առանձին հոդված է նվիրել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտին:

«Որպես կանոն, պատերազմի ազդեցությունը կրող հետխորհրդային չճանաչված տարածաշրջանների մայրաքաղաքները աչքի են ընկնում աղքատությամբ և անխնամ վիճակով: 50 հազար բնակիչ ունեցող Ստեփանակերտը, սակայն, անսպասելիորեն աշխույժ քաղաք է», - նշում է The New York Times-ի թղթակիցը: «Այս ամսվա սկզբին Ադրբեջանի հետ եռօրյա պատերազմի մեջ հայտնված այս քաղաքում ամենուր նկատելի են հարուստ սփյուռքի լուրջ ուշադրության և շռայլության դրսևորումները: Բլրի վրա վեր է խոյանում նոր հիվանդանոցի շենքը, քաղաք տանող ճանապարհը նոր է ասֆալտապատվել», - գրում է ամերիկացի լրագրողը՝ մանրամասնելով․ - ««Ղարաբաղին միջոցներ էր տրամադրում հանգուցյալ կալիֆորնիացի գործարար Քըրք Քըրքորյանը: Շվեյցարահայ մի գործարար «Ոսկե ձկնիկ» կոչվող ձկնաբուծարան է հիմնել, որտեղ թառափ են աճեցնում»: «Կալիֆորնիան և ևս վեց ամերիկյան նահանգներ ճանաչել են ինքնահռչակ հանրապետությունը: Դաշնային կառավարությունը, ինչպես նաև աշխարհի որևէ այլ կառավարություն, այդ քայլին չի դիմել», - գրում է The New York Times-ը:

«Ռուսական ներգրավվածության աստիճանը Լեռնային Ղարաբաղում կարծես աճում է», - պնդում է Financial Times-ի մոսկովյան թղթակիցը` գրելով. - «Ռուսաստանը սկսել է հավելյալ դիվանագիտական ջանքեր գործադրել մի իրավիճակում, երբ Եվրոպայի ամենադժվար հանգուցալուծվող հակամարտություններից մեկը [լայնածավալ] պատերազմի վերաճելու շեմին է»:

Հպանցիկ կերպով նկարագրելով ապրիլի 2-5-ը տեղի ունեցած իրադարձությունները` թերթի թղթակիցը հատուկ ընդգծում է այն հանգամանքը, որ հայկական և ադրբեջանական կողմերը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը ձեռք բերեցին Մոսկվայի միջնորդական ջանքերի շնորհիվ, չնայած այն իրողությանը, որ գոյություն ունի խնդրով զբաղվող Մինսկի խումբ:

Financial Times-ը այս առթիվ մեջբերում է Լոնդոնում Ադրբեջանի դեսպան Թաիր Թաղիզադեի խոսքը․ - «Ինձ մեծապես զարմացրեց այն զգալի ժամանակահատվածը, որ պահանջվեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներից պարզապես հավաքվելու համար»:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում ամերիկյան ներգրավվածությանը, ապա Վաշինգտոնում նման քայլի դիմելու մեծ ցանկություն չունեն», - վկայակոչելով Միացյալ Նահանգները ներկայացնող դիվանագետների հետ մասնավոր զրույցները` նշում է Financial Times-ի թղթակիցը: Ամերիկացի դիվանագետներից մեկը թերթին խոստովանել է, որ Վաշինգտոնում ապրիլի 2-ին չեն ունեցել անգամ Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձությունների արբանյակային պատկերը: «Պարզվեց, որ այդ տարածաշրջանը դիտարկող ամերիկյան բոլոր արբանյակները հետևում են կամ Սիրիային, կամ էլ Ուկրաինային», - գրում է Financial Times-ը:

«Ո՞վ է հաղթել հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմում»․ այս հարցի պատասխանն է փորձում գտնել Eurasianet.org կայքի Թբիլիսիի թղթակից Ռոբին Ֆորեսթյեր-Ուոքերը: «Արտասահմանցի լրագրողներից շատերը կարողացան առանց խոչընդոտների և արագորեն Հայաստանի տարածքով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ և ժամանելուն պես հավատարմագրվել Ստեփանակերտում», - գրում է Eurasianet–ը՝ հավելելով․ - «Տեղացի պաշտոնյաները քաղաքի կենտրոնական հյուրանոցում ամենօրյա մամուլի ասուլիսներ էին անցկացնում` [լրագրողներին] նաև հարցուպատասխանի հնարավորություն ընձեռելով: Հայաստանի հանրային հեռուստատեսությունը իր շարժական կայանը ազատորեն տրամադրում էր ուղիղ կապ հաստատելու անհրաժեշտություն ունեցող այլ լրագրողների ևս: Բացի այդ, լրատվամիջոցների ներկայացուցիչներին հնարավորություն էր տրված քաղաքացիական մեքենաներով մեկնել ճակատային գիծ»:

Կայքի լրագրողը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանում իրադրությունը այլ էր: «Միջազգային լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, կայքի հետ զրույցում Բաքվի`լրատվամիջոցների համար կազմակերպած այցը առաջնագիծ որակեց որպես` «սրընթաց, հոգնեցուցիչ և քաոսային»: [Առաջնագծում] հայտնված արևմտյան լրագրողները հայտնաբերեցին, որ իրենք ոչ թե տեսագրողի, այլ տեսագրվողի դերում են: Ադրբեջանական հեռուստաընկերությունների նկարահանող խմբերը ռեպորտաժներ էին պատրաստում մեր մասին», - նշում է լրագրողը` հավելելով, որ վրա հասած գիշերվա պատճառով ադրբեջանական կողմից առաջնագիծ հասած արևմտյան լրագրողներին այդպես էլ գրեթե ոչ մի նկարահանում չհաջողվեց իրականացնել:

Ամերիկացի փորձագետները, սակայն, չեն բացառում, որ առաջիկայում արևմտյան առաջատար լրատվամիջոցներում ադրբեջանական տեսակետները կարող են ավելի տեսանելի դառնալ: Գլխավոր պատճառը, ըստ կայքի, Բաքվի գործադրած լոբբիստական ջանքերն են լինելու:

«ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ ապրիլի 5-ին հրադադարի հաստատումից երեք օր անց արդեն Ադրբեջանը համաձայնել է ևս 70 հազար դոլար վճարել Վաշինգտոնում գործող Podesta Group ընկերությանը` «հանրային կապերի ոլորտում մատուցվող ծառայությունների դիմաց», - գրում է Eurasianet-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG