Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը դատախազություն է դիմել Հրազդանի ընտրություններում խախտումների հարցով


Արման Թաթոյան, արխիվ
Արման Թաթոյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ապրիլի 17-ին Հայաստանի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արձանագրված առերևույթ խախտումների կապակցությամբ դիմել է գլխավոր դատախազություն՝ դրանք Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում քննարկելու նպատակով, այսօր փոխանցում են օմբուդսմենի աշխատակազմից:

Ընտրական իրավունքի հնարավոր խախտումների դեպքերի վերհանման նպատակով օմբուդսմենի աշխատակազմի արագ արձագանքման վարչությունն իրականացրել է զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրություն: Արձանագրվել են Հրազդան քաղաքում ընտրական գործընթացի հետ կապված 14 հրապարակումներ, որոնք վերաբերում են ուրիշի փոխարեն քվեարկելուն, լրագրողի գործունեությանը խոչընդոտելուն, ընտրողներին ուղղորդելուն, դիտորդի իրավունքները խոչընդոտելուն, քվեարկության գաղտնիությունը խախտելուն, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն (ընտրակաշառք բաժանելուն) և այլն, ասված է հաղորդագրությունում:

Ընտրությունների օրը օմբուդսմենի «թեժ գծին» ստացվել է մեկ ահազանգ: Հաղորդման համաձայն՝ Թալինի բնակիչն անձնագրի հետ կապված խնդրի պատճառով հնարավորություն չի ունեցել մասնակցել քվեարկությանը: Պաշտպանի ներկայացուցչի ձեռնարկած միջոցների արդյունքում քաղաքացին կարողացել է մասնակցել քվեարկությանը՝ Ոստիկանության կողմից տրամադրված անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթղթի հիման վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG