Մատչելիության հղումներ

ՀՀԿ խմբակցության ղեկավար․ Եթե Պողոսյանը խախտել է օրենքը, անելիք ունեն իրավապահները


Միհրան Պողոսյանը ասուլիս է տալիս ԴԱՀԿ ծառայության պետի պաշտոնում, արխիվ

Միհրան Պողոսյանը ասուլիս է տալիս ԴԱՀԿ ծառայության պետի պաշտոնում, արխիվ

Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության պետի պաշտոնից Միհրան Պողոսյանի հրաժարականին չեն հաջորդի խոշոր բացահայտումներ: «Ազատության» հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Որովհետև Միհրան Պողոսյանը եթե կապ էլ ունի այդ օֆշորային սկանդալի հետ, ապա դա չէր կարող նա իրականացնել միայնակ՝ առանց այլ բարձրաստիճան պաշտոնյաների իմացության և թողտվության: Հետևաբար, եթե այդպես է, ապա բոլորն են խառնված եղել՝ ընդհուպ մինչև Սերժ Սարգսյանը, այս ամենի մեջ: Ուղղակի այս ժամանակահատվածում, հավանաբար, գտել են, որ ինքը ամենահարմար թեկնածուն է, որը պետք է տա հրաժարական», - ասաց Փոստանջյանը:

Ութ տարի ԴԱՀԿ ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանը թեև իր հրաժարականի հայտարարությունում չանդրադարձավ օֆշորային ընկերությունների միջոցով բիզնես իրականացնելու մեղադրանքներին, սակայն մամուլի հրապարակումներին, թե պաշտոնը սեփական բիզնեսի զարգացման համար է օգտագործել և թաքցրել է եկամուտները, խոստացավ անդրադառնալ արդեն որպես շարքային քաղաքացի:

«Բարգավաճ Հայաստան»-ից Միքայել Մելքումյանը չի ցանկանում անձնավորված գնահատական տալ: Երկրին, ասում է, ոչ թե առանձին հրաժարականներ, այլ համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ:

«Էդ համակարգային փոփոխություններում թե ում հրաժարականը ոնց կընկալվի, դա արդեն երկրորդ հարցն է: Կա մեծ ազգային համախմբում՝ արտաքին թշնամու նկատմամբ, ուրեմն, այս ազգային համախմբման և՛ գաղափարը, և՛ փաստը մենք պետք էնպես փայփայենք, որպեսզի սրան հաջորդի նաև մեր ներքին խնդիրների, ներքին մթնոլորտի առողջացման լուծումներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մելքումյանը:

Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի գնահատմամբ՝ սովորական հրաժարական է: Եթե Միհրան Պողոսյանն իրոք խախտել է օրենքը, անելիք ունեն իրավապահ մարմինները, ասում է Վահրամ Բաղդասարյանը:

«Բնականաբար, դրա պատասխանը կտան իրավապահ մարմինները, երբ որ այն ամեն ինչը, որ նշվում է, եթե դրանք կհաստատվեն, իրավապահ մարմինները կանեն հետևություններ: Ներկայացրել է դիմում, ընդունվել է իր դիմումը, և արդեն պատճառները գրված են, և դրան արդեն կարձագանքի հանրապետության նախագահը», - «Ազատությանը» ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

XS
SM
MD
LG