Մատչելիության հղումներ

logo-print

«Իզվեստիա»․ Մոսկվան առաջիկայում ակտիվ քայլեր կձեռնարկի Ղարաբաղի հարցով


Լեռնային Ղարաբաղ - Պաշտպանության բանակի զինծառայողները Մարտունու մոտ, ապրիլ, 2016թ․

Լեռնային Ղարաբաղ - Պաշտպանության բանակի զինծառայողները Մարտունու մոտ, ապրիլ, 2016թ․

Կրեմլին մոտ կանգնած թերթը նաև որոշ մանրամասներ է հայտնում կարգավորման ռուսաստանյան ծրագրից:

Կրեմլին մոտ կանգնած «Իզվեստիա» թերթը Լեռնային Ղարաբաղի խնդրին առնչվող մի հոդված է հրապարակել, որում, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը, գրում է, թե Ռուսաստանը և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկայում ակտիվ քայլեր են ձեռնարկելու, որպեսզի կողմերը փոխզիջում գտնեն բանակցություններում: Դրանք, թերթի տվյալներով, սկսվելու են արդեն առաջիկա օրերին:

ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական հարցերով փորձագետ Վլադիմիր Եվսեևը ասում է, որ խոսքը եռակողմ ձևաչափով բանակցությունները վերսկսելու մասին է:

«Ռուսաստանը ստիպված է լինելու միջամտել, հակառակ դեպքում, եթե չմիջամտի, մեծ հավանականություն կա, որ արդեն ամռանը կվերսկսվեն ռազմական գործողությունները», - նշում է Եվսեևը:

Ե՛վ «Իզվեստիա» թերթը, և՛ փորձագետը ասում են, որ այսօր խոսքը նախ և առաջ լարվածությունը նվազեցնելու մասին է:

Եվսեևը պնդում է, մասնավորապես, որ այսօր անհրաժեշտ է շուտափույթ կերպով դիտորդներ տեղակայել շփման գոտում, ինչպես նաև ստիպել կողմերին՝ շփման գծից համաձայնեցված տարածության վրա հետ քաշել սպառազինությունը:

Քանի դեռ այս լարվածությունը կա, խնդրի կարգավորման շուրջ բանակցություններում լուրջ առաջխաղացման մասին խոսելն ավելորդ է, կարծում է ռուսաստանցի փորձագետը, որի հետ համաձայնում է նաև «Իզվեստիա»-ն:

«Հենց խոսք է բացվում լարվածությունը մեղմելու մասին՝ կողմերից և ոչ մեկը պատրաստ չէ նահանջելու: Բարդ բանակցություններ են սպասվում, և առանց Ռուսաստանի հնարավոր չէ խնդիրը լուծել», - գրում է թերթը:

«Իզվեստիա»-ն նաև որոշ մանրամասներ է հայտնում կարգավորման ռուսաստանյան ծրագրից, որի համաձայն՝ Ադրբեջանին պետք է վերադարձնել տարածքների մի մասը, խաղաղապահներ տեղակայել, վերադարձնել փախստականներին, օրինականացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, այսինքն, ինչպես թերթն է գրում, ապահովել սահմանների բացումը և տնտեսական կապերի վերականգնումը, և հետո, երբ կրքերը հանդարտվեն, Ղարաբաղի կարգավիճակի մասին հանրաքվե անցկացնել:

Այս մանրամասները ռուսաստանյան թերթը հայտնում է՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին:

Հետաքրքիր է, որ Վլադիմիր Եվսեևը, ով վերջին շրջանում ակտիվորեն զբաղվում է ղարաբաղյան խնդրով, ասում է, թե այսօր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև ավելի քիչ են տարաձայնությունները, քան նախկինում էին:

«Մինչև վերջերս ԱՄՆ-ը ձգտում էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարգավորել առանց Ռուսաստանի, և դա չստացվեց», - պնդում է ռուսաստանցի փորձագետը:

Սա, ի դեպ, միայն նրա կարծիքը չէ: Մոսկվայում հաճախ են խոսում այն մասին, որ պետք է Ռուսաստանը ակտիվորեն միջամտի, հակառակ դեպքում՝ նոր պատերազմը անխուսափելի է: Տրամաբանությունը հետևյալն է՝ եթե Մոսկվան խնդրով ակտիվ չի զբաղվում, խնդիրը չի կարգավորվում, ինչպես, օրինակ, Սիրիայի ճգնաժամի դեպքում էր:

Եվսեևը նաև հավելում է, որ 2011 թվականին Կազանի բանակցությունները եռակողմ ձևաչափով տապալվել են այն պատճառով, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև չկար միասնական մոտեցում:

Հավելենք, որ Կազանում կողմերն իսկապես մոտ էին համաձայնագրի ստորագրմանը, սակայն վերջին պահին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեց համաձայնեցված փաստաթուղթը ստորագրել և առաջ քաշեց 10 նոր կետեր:

Կազանից հետո ակտիվ բանակցային գործընթացը, ըստ էության, դադարել էր, և այսօր ռուսական աղբյուրները գրում են, որ վերսկսվելու են Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան նոր բանակցություններ, ինչպես 2009-11 թվականներին էր, երբ Դմիտրի Մեդվեդևը, ով ժամանակավորապես փոխարինում էր Վլադիմիր Պուտինին Կրեմլում, շուրջ մեկ տասնյակ նման հանդիպում էր կազմակերպել:

Ինչ վերաբերում է խաղաղապահներին, Եվսեևը, օրինակ, համոզված է, որ այսօր այդ մասին խոսելն ավելորդ է, քանի դեռ լուրջ լարվածությունը և ռազմական գործողությունների վերսկսման վտանգը պահպանվում են: Խոսքը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի դիտորդների առաքելության ընդլայնման մասին կարող է լինել միայն, ասում է ռուսաստանցի փորձագետը:

Վլադիմիր Եվսեևը նաև համոզված է, որ ոչ Երևանը, ոչ էլ Բաքուն նույնիսկ տեսականորեն չեն համաձայնի, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայվեն միայն ռուսական խաղաղապահներ:

XS
SM
MD
LG