Մատչելիության հղումներ

logo-print

Ներկայացվեց զոհվածների ու հաշմանդամություն ձեռք բերածների ընտանիքներին տրամադրվելիք աջակցության չափը


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Սմբատ Սաիյանը լրագրողների հետ հանդիպմանը: 18-ը ապրիլի, 2016 թ․

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Սմբատ Սաիյանը լրագրողների հետ հանդիպմանը: 18-ը ապրիլի, 2016 թ․

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վիրավորված ժամկետային, պայմանագրային զինծառայողների ու կամավորների ընտանիքներին պետությունն այս պահին դրամական աջակցություն չի ցուցաբերում:

Օրեր առաջ, անդրադառնալով հարցին, թե ինչու են հիմնականում անապահով ընտանիքների երեխաները հայտնվում առաջնագծում, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դա պայմանավորել էր նախ երկրի սոցիալ-տնտեսական վիճակով, ապա նշել էր, որ բարձր և միջին խավի ընտանիքների զավակները սովորում են բուհերում, գիտական թեզեր պաշտպանում ու տարկետում ստանում:

10 օրից ավելի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Ռոբերտ Առաքելյանի ընտանիքը նույնպես սոցիալական ծանր պայմաններում է ապրում: Երիտասարդ տղան այս պահին չի կարողանում շարժել ձեռքերը, բուժսպասարկումն անվճար է, բայց որդու ապաքինման համար աղոթող մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, «հետո»-ի մասին մտածելիս է նեղսրտում․ - «Շատ վատ պայմաններում ենք ապրում: Եթե անգամ իմ էրեխեն մի փոքր լավ զգա, ես պայմաններ էլ չունեմ նորմալ, որ տանեմ այդ պայմաններում իմ տղային պահեմ: Եվ չեմ պատրաստվում պահեմ: Ես ուզում եմ, որ երկրից հանեմ, իմ տղան գոնե իրա ձեռքերով ինչ-որ մի բան բռնի»:

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վիրավորված ժամկետային, պայմանագրային զինծառայողների ու կամավորների ընտանիքներին պետությունն այս պահին դրամական աջակցություն չի ցուցաբերում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Սմբատ Սաիյանն այսօր լրագրողներ հետ հանդիպմանը հայտնեց միայն զոհվածների ու հաշմանդամություն ձեռք բերածների ընտանիքներին տրվող գումարը՝ սկսած ամսական 30 հազար դրամից․ - «Երեխաները այդ գումարը կստանան մինչև 18 տարին լրանալը, ցերեկային առկա ուսուցմամբ սովորողների պարագայում՝ մինչև 23 տարին լրանալը: Կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած ծնողները և ամուսինը, կան հաշմանդամ ճանաչված ծնողները և ամուսինը՝ բնականաբար ցմահ կամ հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար: Եվս յուրաքանչյուր երեխա կստանա ֆիքսված գումարով՝ 16 հազար դրամ պարգևավճար, ևս 20 հազար՝ ընտանիքին տրվող պարգևավճարի պարագայում: Այսինքն, երկու երեխան իրար հետ կստանան մոտավորապես 180 հազար դրամ»:

Եթե զոհված պայմանագրային զինծառայողն ընտանիքի միակ կերակրողն է եղել, ապա ընտանիքի անդամների բուժսպասարկումը կիրականացվի անվճար, իսկ երեխաների բուհ ընդունվելը կկազմակերպվի հատուկ ընթացակարգով՝ մրցույթից դուրս:

Պաշտոնյան նաև նշեց, որ եթե զոհված զինծառայողը սպայական կազմից է, և նրա կինը միայնակ է մնացել երկու անչափահաս երեխաների հետ, ապա պետական աջակցության հանրագումարը կկազմի ամսական 250 դրամ, իսկ պայմանագրային կազմի այլ զինծառայողների պարագայում՝ ամսական 200 հազար դրամ:

Սաիյանի խոսքով, զոհված ժամկետային զինծառայողների պարգևավճարները կտրամադրվեն ծնողներին: Նրանցից յուրաքանչյուրը կենսաթոշակին զուգահեռ կստանա 31 հազար դրամ, ամսական ևս 30 հազար կհատկացվի ընտանիքին․ - «Այսինքն, կենսաթոշակառու երկու ծնողը միասին կստանան շուրջ 90 հազար դրամ զուտ զոհվածի գծով: Եվ ևս միջինը 40 հազար կլինի յուրաքանչյուրի կենսաթոշակի չափը: Ցավոք, եթե զոհված զինծառայողի ընտանիքի անդամը կենսաթոշակային տարիքի չէ, ապա նա այս նշածս երաշխիքներից չի օգտվի»:

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վիրավորված, հետագայում հաշմանդամ դարձած զինծառայողների թոշակին, Սաիյանի փոխանցմամբ, նաև պարգևավճարներն են գումարվում․ - «Եթե առաջին խմբի, սպայական անձնակազմի համար արդեն ասացինք՝ շուրջ 110 հազար, պայմանագրային կազմի մնացած զինծառայողների միջին չափը շուրջ 95 հազար, ապա պարտադիր ժամկետային զինծառայության պարագայում այդ գումարը կկազմի շուրջ 90 հազար դրամ: Խոսքս վերաբերում է առաջին կարգի հաշմանդամներին»:

XS
SM
MD
LG