Մատչելիության հղումներ

Քաղաքական դաշտի արձագանքները երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին


Կոտայքի մարզի ընտրատեղամասերից մեկում: 17-ը ապրիլի, 2016 թ․

Կոտայքի մարզի ընտրատեղամասերից մեկում: 17-ը ապրիլի, 2016 թ․

«Ազատություն»-ը զրուցել է ՀՀԿ-ի ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի ղեկավար անդամների հետ:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով, մարզերում նախօրեն կայացած ընտրությունների որակը շատ բարձր է եղել:

«Ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո ընտրական գործընթացների օրինական ընթացքը ավելի ապահովված կլինի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աշոտյանը և շարունակեց․ - «Ընտրական գործընթացը ընտրական տեղամասերում եղել է գրեթե անթերի: Ոչ մի ձայն, որ տրվել է այս կամ այն թեկնածուի օգտին, չի կորել: Այսինքն, այն մշտական բողոքը, որ տալիս էին մեր ընդդիմության որոշ գործընկերներ, թե իրենք իբր հաղթում են ընտրություններում, իսկ հաղթանակը հետո վերագրվում է այլ քաղաքական ուժերին, ի չիք դարձավ»:

Դիտարկմանը, թե ընդդիմադիր ուժերը կրկին խոսում են ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի օգտագործման մասին, Աշոտյանն արձագանքեց․ - «Եթե կան համապատասխան փաստեր, ապա դրանցով պետք է զբաղվի իրավապահ համակարգը»:

Համացանցում բազմաթիվ են տեսանյութերը, թե ինչպես են Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Սանամյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանը, մի խումբ մարդկանց ուղեկցությամբ, Հրազդանում շրջում ընտրատեղամասերի հարևանությամբ՝ զրույցի բռնվելով հանրապետական քաղաքապետ Արամ Դանիելյանի կողմնակիցների հետ:

Այս կապակցությամբ Արմեն Աշոտյանն ասաց․ - «Խաղի միասնական կանոն որդեգրենք և հասկանանք, որ կրկնակի ստանդարտ այդ դեպքում չկիրառենք: Եթե խոսում ենք այն մասին, որ Երևանից ժամանել են տարբեր մարդիկ, ապա ինչու մի թիմ․․․ Ես նկատի ունեմ նույն այն երևանյան ակտիվիստներին, Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած երիտասարդներին, քաղաքական գործիչներին, նախկին վարչապետ Արամ Սարգսյանին, որ ելույթ էր ունենում: Ինչո՞ւ չեք ասում այդ դեպքում, ու ի՞նչ գործ ունեին ոչ հրազդանաբնակ մարդիկ Հրազդանի ընտրություններում»:

Մոտ երկու ամիս առաջ իշխանության մաս կազմած Դաշնակցությունում բավարարված են ընտրությունների արդյունքներով․ դաշնակցականները պարտվել են Թալինում, հաղթել՝ Քանաքեռավանում:

Ըստ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի, նշված երկու համայնքներում ևս խոսում էին ընտրակաշառքի մասին, բայց իրենք ապացույց չունեն․ - «Այս ընտրություններում ևս վարչական ռեսուրս կիրառվեց: Բայց սա էլ, գիտեք, արդեն դարձել է սովորություն, և քաղաքական ուժը, եթե մասնակցում է ընտրություններին, իր հնարավորություններն օգտագործում է»:

Հարցին, թե արդյոք Դաշնակցությանը չի մտահոգում, որ կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ն վարչական ռեսուրսի կիրառմամբ շահեց ընտրությունները, Վարդանյանը պատասխանեց․ - «Ես չգիտեմ որևէ իշխանություն, որը ինչ-որ մի պահի ասում է՝ ես այլևս չեմ ուզում իշխանություն լինել: Ես չգիտեմ որևէ կուսակցություն, որը, եթե ինքը մտնում է ընտրապայքարի մեջ, իր ռեսուրսները չի օգտագործում»:

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի գնահատմամբ՝ երեկ կայացած ընտրությունները կեղծվել են․ - «Հրազդանում ես չեմ կարծում, թե կա ավելի շատ մարդ, քան եկել էին քվեարկության՝ 25 հազար: Այսինքն՝ բարձր մասնակցություն, բերել են մեքենաներով տարբեր տեղերից մասնակցելու: Ասենք, երևանցիներին տարել են Թալինում մասնակցելու, արտաշատցիներին, աբովյանցիներին՝ Հրազդանում և այլն․․․ Ինչպես նաև՝ կաշառքի բաժանում և վարչական ռեսուրսի կիրառում»:

Մանուկյանի խոսքով, այս ընտրություններին ևս իշխանությունները կիրառել են նույն ձեռագիրը՝ դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի հետ համեմատ մեկ տարբերությամբ, որ ծեծուջարդ ու լցոնումներ չեն եղել․ - «Արդեն մոտ 18 տարի մեր ժողովուրդը «սիրահարված է» այս իշխանության վրա և միշտ ձայն է տալիս իրեն, քանի որ ունենք ռեֆորմատոր, լայն ժողովրդի մասին մտածող իշխանություն: Բնականաբար, արդյունքում ժողովուրդը գնում և միաձայն քվեարկում է իշխանությունների օգտին»:

XS
SM
MD
LG