Մատչելիության հղումներ

Մարկովը նորից հանդես է գալիս հակահայկական հայտարարությամբ


Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկով, արխիվ։

Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկով, արխիվ։

Ըստ Ադրբեջանի, առաջիկայում հնարավոր է բանակցությունների վերսկսում։

Ադրբեջանում հեռարձակվող Xazar հեռուստակայանը վկայակոչել է նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Ալի Հասանովին, ով ասել է, թե առաջիկայում Ռուսաստանի միջնորդությամբ կարող է տեղի ունենալ հայ-ադրբեջանական բանակցային փուլ։

«Նախաձեռնությամբ հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նա է դիմել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, և հիմա աշխատանք է տարվում քննարկումները կազմակերպելու ուղղությամբ»,- ասել է Հասանովը Xazar հեռուստաընկերությանը և ավելացրել. - «Հնարավոր է, որ հենց առաջիկա օրերին սկսվեն ինտենսիվ բանակցություններ»։

Մինչդեռ, Բաքվում գումարված ռուս-ադրբեջանական համաժողովում հերթական անգամ հակահայ որակումներով և անթաքույց ադրբեջանանպաստ հայտարարություններով է հանդես եկել Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի անդամ, քաղաքագետ Սերգեյ Մարկովը։

«Շատ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացում չներկայանա որպես առանձին կողմ, ավելի ճիշտ` որպես հայկական երկրորդ կողմ»,- ասել է Մարկովը։

APA ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, համաժողովը տեղի է ունենում «Sputnik Азербайджан» միջազգային մամլո կենտրոնում։

Մարկովն ասել է, թե ցանկացած կողմ, որը կարող է որևէ բան առաջարկել` պետք է ստանա բանակցային գործընթացում ներգրավվելու հնարավորություն, և այդ առումով Լեռնային Ղարաբաղից արտահանված ադրբեջանցիներն էլ պետք է համարվեն հակամարտ կողմ։

«Հակամարտության սրումն անխուսափելի էր, դա ոչ թե սառեցված, այլ չկարգավորված հակամարտություն է», - ասել է Ռուսաստանի Հանրային պալատի անդամը։

Նրա համոզմամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացած հակամարտություններից տարբերվում է երեք հանգամանքներով։

Առաջինն այն է, որ Լեռնային Ղարաբաղում չկան խաղաղապահներ և հակամարտ ուժերը դեմ դիմաց են կանգնած։

Երկրորդն այն է, որ չկա սառեցում և կողմերը բանակցում են։

Եվ վերջապես հատկանշական երրորդ հանգամանքն էլ այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող բոլոր երեք երկրներում հայերն ունեն հզոր համայնքներ, ինչը Ռուսաստանին, Ֆրանսիային և Ամերիկային թույլ չի տալիս որևէ կերպ ազդել Հայաստանի վրա։

«Ուժային հաշվեկշիռը արագ փոխվում է Ադրբեջանի օգտին, սակայն հակամարտության կարգավորման հարցում որևէ առաջընթաց չկա, և դա նպաստում է հակամարտության բորբոքմանը»,- ասել Մակրովը։

Նրա համոզմամբ, այժմ քննարկում է, թե կողմերից որ մեկն է ռազմաճակատում նախահարձակ եղել ապրիլյան բախումների օրերին։ Այդ վեճում Ադրբեջանը պետք է ցուցաբերի ավելի վստահ կեցվածք։

«Կան ՄԱԿ-ի Անվտագնության խորհրդի բանաձևեր և Մադրիդյան սկզբունքները, որոնք Ադրբեջանի օգտին են, ուստի, հակամարտության բորբոքման համար պատասխանատվությունը Երևանն է կրում»,- հայտարարել է Սերգեյ Մարկովը։

ՌԵՆ հեռուստաընկերության եթերում Ղարաբաղի խնդրին է անդրադարձել փորձագետ Վիկտոր Օլևիչը։ Նա կարծիք է հայտնել, որ բախումներիը կարող են ցանկացած պահին վերսկսվել` ընդ որում է՛լ ավելի թեժ։

ՌԵՆ ՏՎ-ն նշում է, թե ուշագրավ է, որ ապրիլյան քառօրյա բախումներից երկու շաբաթ առաջ Անկարայում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը։ Դժվար է ասել, թե ինչ հարց են նրանք քննարկել, սակայն դեմքերի արտահայտությունից ակնհայտ էր, որ լիակատար փոխհամաձայնության են հասել, նրանք նույնիսկ գրկախառնված են հեռացել դահլիճից։

Հայտնի չէ, թե արդյո՞ք թուրքերը յուղ են լցրել հայ-ադրբեջանական բախումների կրակի վրա, բայց հայտնի է, որ հայկական կողմն այդ ժամանակ զորավարժություններ չի անցկացրել, իսկ ադրբեջանականը` անցկացրել է…

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG