Մատչելիության հղումներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը քննադատեց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին՝ «Ալիևի հանցագործ ռեժիմը սատարող հայտարարություններ անելու համար»։

Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց պատասխանատվության ենթարկել Ագրամունտին:

«Այն ժամերին, երբ Ալիևի վարձկանները ռազմական հանցագործություններ էին կատարում, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն իր հայտնի հայտարարությամբ սատարում էր ահաբեկչական Ադրբեջանին։ Այն պահին, երբ ադրբեջանական զինուժը հրետակոծում էր խաղաղ բնակավայրերը, մեր Վեհաժողովի նախագահը, ով ի պաշտոնե պարտավոր է պահպանել անաչառություն և չեզոքություն, իր հայտարարությամբ ոգեկոչում էր ռազմական հանցագործներին։ Հարգելի գործընկերներ, այն, որ ԵԽԽՎ ներկայիս նախագահ Պեդրո Ագրամունտը մեր Վեհաժողովում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչն է՝ հայտնի ճշմարտություն է։ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիայի օրերին ԵԽԽՎ նախագահն իրեն պահել է որպես Իլհամ Ալիևի մամուլի խոսնակ»,- բնորոշեց Նաիրա Զոհրաբյանը և ԵԽԽՎ պատմության մեջ աննախադեպ համարեց այն, որ Վեհաժողովի նախագահը զբաղվում ոչ թե ԵԽԽՎ, այլ մեկ առանձին երկրի շահերի բացահայտ պաշտպանությամբ։

«ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո առաջին այցը կատարելով Ադրբեջան` Ագրամունտն իր այդ քայլով հերթական հավատարմությունը հայտնեց Ալիևի բռնապետությանը։ Իսկ ռազմական գործողությունների ամենածանր օրերին Ագրամունտն անում է հայտարարություն, որը բացահայտ խրախուսում է Ալիևի մարդասպան ռեժիմին: Երբ ձեզանից շատերը անցած նստաշրջանին քվեարկեցին կողմ Սարսանգի ջրամբարի, իբր, հումանիտար խնդրին, Ադրբեջանի ռազմական այս ագրեսիայից հետո հույս ունեմ հասկացաք, որ Ադրբեջանի նպատակը հումանիտար խնդիր լուծելը չէր, այլ Սարսանգը գրավելն էր։ Եվ դրա համար էր անհրաժեշտ միջազգային կառույցներում և ԵԽԽՎ-ում ստանալ ձեր աջակցությունը՝ հումանիտար նպատակի տակ ռազմական հանցագործություն կատարելու համար։ Նայեք ադրբեջանական զինուժի տեղաշարժը պատերազմի այդ օրերին, և կհասկանաք, որ ձեր քվեարկությամբ նաև դուք Ադրբեջանին տվեցիք այդ քարտ-բլանշը»։

Հայկական պատվիրակության մեկ այլ ներկայացուցիչ՝ Սամվել Ֆարմանյանը, նույնպես քննադատեց Ագրամունտին՝ նշելով. - «Մինչ միջազգային հանրության խիստ և միաձայն ուղերձը Ալիևին` խաղաղության հույսի պատուհան էր իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար, պարոն Ագրամունտի անպատասխանատու հռետորաբանությունը հակասության մեջ դրեց մեր Վեհաժողովը միջազգային հանրության հետ՝ այս անգամ ոչ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների չափերի մասին անտեղյակությամբ, բայց բացառիկ կերպով վտանգավոր հայտարարությամբ, որն ակնհայտորեն բռնում էր Ադրբեջանի կողմը այդ չափազանց անկայուն իրավիճակում: Դժբախտաբար, պարոն Ագրամունտի հայտարարությունը ևս մեկ անգամ հաստատեց նրա կողմնակալությունը որպես Վեհաժողովի նախագահ և լրատվամիջոցներին առիթ տվեց հաղորդելու Ադրբեջանի լոբբինգի կառույցներում իր ենթադրյալ ներգրավվածության մասին՝ լրջորեն վնասելով միլիոնավոր եվրոպացիների և մեր Ժողովրդավարության տան բոլոր անդամների աչքերում Վեհաժողովի հեղինակությունը»:

Սամվել Ֆարմանյանը Ադրբեջանի գործողությունները ներկայացնելիս՝ բնորոշեց. -«Ադրբեջանը սանձազերծեց լայնածավալ ռազմական հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա` խախտելով միջազգային մարդասիրական օրենքները և իրականացնելով պատերազմական հանցագործություններ»:

Ապա հիշատակեց հունվարի բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» և բոսնիացի պատվիրակ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերտառությամբ զեկույցների քննարկումները, նաև միակողմանի բանաձևի ընդունումը, ասաց, որ միջազգային օրենսդրությանն ընտրողաբար վերաբերվելու ցանկացած քայլ կարող է միայն վնասել խաղաղ գործընթացը և ծառայել որպես ծխածածկույթ Ադրբեջանի ավտորիտար իշխանությանը՝ լայնամասշտաբ գործողություներ սկսելու և խաղաղ գործընթացը վնասելու և Հարավային Կովկասի տարածաշրջանում փխրուն կայունությանը սպառնալու համար:

Սամվել Ֆարմանյանը հիշեցրեց, որ ամիսներ առաջ ԵԽԽՎ-ում Ռոբերտ Վալտերի և Միլիցա Մարկովիչի զեկույցների կապակցությամբ արտահայտված անհամաձայնությունները «հիմնված են եղել այն ենթադրության վրա, որ ցանկացած փորձ` ընդունելու անհիմն և միակողմանի բանաձևեր կամ միջազգային իրավունքի սկզբունքների ցանկացած ընտրողական կիրառում միայն կվնասի խաղաղ կարգավորման գործընթացը և Ադրբեջանի բռնապետական իշխանությունների համար կծառայի որպես պատրվակ լայնամասշտաբ ռազմական լայնածավալ գործողություններ վերսկսելու համար՝ խափանելով խաղաղ կարգավորման գործընթացը և սպառնալով Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի փխրուն կայունությանը»: Սամվել Ֆարմանյանը նշեց, որ մտահոգությունները դարձան վատ կանխատեսում, որը հակամարտության կողմերում արժեցավ հարյուրավոր անմեղ կյանքեր:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր ելույթում անդրադարձավ Թուրքիայի քաղաքականությանը, հայտարարեց. - «Երկիրը, որը միլիարդավոր եվրոներ է ստանում միգրանտնների հարցերի կարգավորման նպատակով, որոնք բախվում են Իսլամական պետության գործողություններին, մյուս կողմից՝ ըստ մամուլի հրապարակումների, կան պնդումներ, որ Թուրքիան ֆինանսապես աջակցում է Իսլամական պետությանը»: Ապա Հերմինե Նաղդալյանը, կրկին վկայաչելով մամուլի հրապարակումները, իր ելույթում նշեց, որ ըստ այդ հրապարակումների՝ Իսլամական պետությունը ներգրավվել է ադրբեջանական բանակում, ապա ենթադրություն հնչեցրեց. - «Միգուցե այսպիսով կարելի է բացատրել պատերազմի 4 օրերին ադրբեջանական բանակի իրականացրած բարբարոսական բռնությունները: Պատերազմական հանցագործությունների ցանկը ներառում է քաղաքացիական շինությունների՝ դպրոցների գնդակոծությունը, ներառյալ ծանր հրետանիով՝ սպանելով և հաշմանդամ դարձնելով քաղաքացիական անձանց, երեխաներին և ծեր մարդկանց»:

Ապա Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ իր ձայնը միացնում է նրանց, ովքեր կոչ են անում պայքարել ընդդեմ ահաբեկչության, նախաձեռնել անհրաժեշտ քայլերը՝ արմատականության և ատելության դեմ և հասկացնել, որ պատերազմը հարցի լուծում չէ:

Վեհաժողովի այսօրվա նիստի ժամանակ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին հարց ուղղեց ադրբեջանցի պատվիրակը՝ այս դեպքում ևս կիրառելով «հայկական սադրանք», «մարդկության դեմ հանցանքներ» արտահայտությունները: Սակայն Մուժնիեկսը, որը 2015 թվականին մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցի ժամանակ Ադրբեջանին արդեն քննադատել էր քաղաքական բանտարկյալներ ունենալու, լրագրող Խադիջա Իսմայիլովային մինչ օրս բանտում պահելու համար, ասաց. - «Ես կիսում եմ ձեր անհանգստությունը, որ երբ հակամարտությունը սրվում է, մարդիկ, քաղաքացիական անձինք տուժում են բոլոր կողմերում»: Ապա Նիլս Մուժնիեկսը ցավակցեց զոհերի հարազատներին, կոչ արեց թուլացնել լարվածությունը, համագործակցել միջազգային կազմակերպություների՝ Կարմիր խաչի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG