Մատչելիության հղումներ

logo-print

Հրազդանում, Սպիտակում, Թալինում, նախնական արդյունքներով, հաղթել են գործող քաղաքապետերը


Հրազդանի ընտրատեղամասերից մեկում, 17-ը ապրիլի, 2016թ․

Հրազդանի ընտրատեղամասերից մեկում, 17-ը ապրիլի, 2016թ․

Դիտորդները և ընդդիմադիրներն ահազանգում են արձանագրած բազմաթիվ խախտումների մասին:

Կիրակի օրը Հրազդան, Սպիտակ և Թալին քաղաքներում անցկացված քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով՝ հաղթանակ են տարել իշխող Հանրապետականի ներկայացուցիչ՝ գործող քաղաքապետերը։

Հրազդանում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն,Դանիելյանը ստացել է 12.510 քվե, նախկին քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առաջադրված Սասուն Միքայելյանը ստացել է 10.267 քվե։ «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված Արթուր Միսակյանը՝ 1237 քվե։ Մի շարք Դիտորդների գնահատմամբ, Հրազդանում քվեարկությունն անցել է խախտումներով։ Ընտրախախտումների մասին են հայտարարել նաև ընդդիմության ներկայացուցիչները:

Թալինում կայացած ընտրություններում, նախնական տվյալներով, իշխող Հանրապետականի թեկնածու, գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը ստացել է 1.993 քվե։ Դաշնակցության կողմից առաջադրված Տիգրան Հարությունյանը մրցակցից 957-ով պակաս քվե է ստացել՝ նրա օգտին քվեարկել է 1.036 ընտրող։ «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածու Գուրգեն Գրիգորյանը ստացել է 168 քվե։

Սպիտակ քաղաքում, նախնական տվյալներով, գործող քաղաքապետ, իշխող Հանրապետականի ներկայացուցիչ Գագիկ Սահակյանը ստացել է 4.463 քվե՝ 1530 ձայնով առաջ անցնելով կուսակից՝ Սպիտակի նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանից:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության՝ երեկ ուշ երեկոյան հրապարակած հաղորդագրության համաձայն՝ երեկվա ընտրություններում առավել հաճախ արձանագրված խախտումները վերաբերել են ընտրատեղամասերում կողմնակի (չլիազորված, վկայական չունեցող) անձանց ներկայությանը և ընտրացուցակների հետ կապված խնդիրներին: Առավել մեծ թվով ահազանգեր արձանագրվել են Թալինում: Ընտրությունները դիտարկելու համար տարբեր տեղական կազմակերպություններից գրանցվել էր 114 դիտորդ:

Երեկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին նաև Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Սյունիք և Վայոց ձոր մարզերի համայնքներում։ Համայնքի ղեկավարի ընտրություններ էին անցկացվում Արագածոտնի մարզի Թալին, Վերին Սասնաշեն, Արարատի մարզի Արևշատ, Դվին, Մրգավետ, Շահումյան, Ռանչպար, Աղավնատուն, Այգեկ, Այգևան, Առատաշեն, Գայ, Գրիբոյեդով, Մրգաշատ, Նորավան, Ջրարբի, Փշատավան, Գեղարքունիքի մարզի Այրք, Զոլաքար, Լոռու մարզի Դաշտադեմ, Խնկոյան, Սարամեջ, Սարչապետ, Սպիտակ, Կոտայքի մարզի Բյուրեղավան, Հատիս, Հրազդան, Սևաբերդ, Քանաքեռավան, Սյունիքի մարզի Արծվանիկ, Խնձորեսկ, Վարդավանք, Վայոց ձորի Գետափ համայնքներում: Ընդ որում` իշխող Հանրապետական կուսակցությունը ներկայացրել է 34 թեկնածու, «Հայկական վերածնունդը»` 3 թեկնածու, իշխանական Հայ Յեղափոխական Դաշնակցությունը` 2 թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիրը»` 1 թեկնածու, անկուսակցական է` 20 թեկնածու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG